Նավը խարիսխ է ձգել Մատենադարանի մոտ

15:11 | Մայիս 25, 2009 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մատենադարանի մոտ հայտնված «Կիլիկիա» առագաստանավն այսօր մեծ իրարանցում էր առաջացրել:

Վաղ առավոտից սկսվել էին նավի տեղադրման եւ ամրացման աշխատանքները, որը նաեւ մի փոքր անհարմարություններ էր առաջացրել ճանապարհային երթեւեկության համար:

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Կիլիկիա» առագաստանավի նավապետ, «ԱՅԱՍ» ծովային հետազոտությունների ակումբի նախագահ Կարեն Բալայանը' այսօր երեկոյան անցկացվելու է համերգ' նվիրված նավի առաջին ջրարկմանը: 7 տարի առաջ' մայիսի 25-ին նավն առաջին անգամ իջեցվեց Սեւանա լիճ:

Ի դեպ, նավի տախտակամածը ծառայելու է իբրեւ բեմ, իսկ հանդիսատեսը նախատեսվել է, որ կկանգնի դեպի Մատենադարան տանող ճանապարհահատվածում' չխանգարելու համար ճանապարհային երթեւեկությանը:

Պարոն Բալայանը նշեց, որ միջոցառման անցկացման համար իրենք համապատասխան թույլտվություն ստացել են Երեւանի քաղաքապետարանից եւ մեկ-երկու օրից նավը կտեղափոխեն Մատենադարանի տարածքից:

Երեւանի քաղաքապետարանի կազմակերպչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանն էլ «Ա1+»-ին վստահեցրեց, որ համերգից հետո, այսինքն' վաղը, նավը տեղափոխվելու է Մատենադարանի մոտից:

«Պայմանավորվածությունն այդպես ենք ձեռք բերել»,- ավելացրեց պարոն Բաղդասարյանը: Նշենք, որ մայիսի 29-ին էլ այս նույն տարածքում' Մատենադարանի մոտ, նախատեսված է Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը:

Ըստ «Կիլիկիա»-ի նավապետի' պատահական չէ, որ Մատենադարանի մոտ է նշվում նավի տարեդարձը. առևտրային «Կիլիկիա» առագաստանավը վերականգնվել է Մատենադարանում պահպանված ձեռագրի հիման վրա:

Նավապետ Բալայանը նշում է նաեւ, որ այս առիթն ուզում են օգտագործել ու հանրությանը տեղեկացնել, որ «ունենք մի հարստություն, որ կոչվում է «Կիլիկիա» առագաստանավ եւ մինչ այսօր' ճամփորդությունից 3 տարի անց, նա հանգրվան չունի եւ նավի պահպանման հարցը լուծված չէ»: Նշենք, որ շուրջ 3 տարի նավը պահվել է Երեւանի Աղի հանքի տարածքում, բայց, նավապետի խոսքերով, նավի ճակատագրի հարցը պետական մակարդակով պետք է հիմնովին լուծվի:

«Միայն մեր ակումբի ուժերով դա հնարավոր չէ: Ճամփորդությունից հետո միայն մեր սուղ միջոցներով է պահպանվում նավը, ուրիշ օգնություն մենք չենք ստացել: Հասկանում ենք, որ ճգնաժամ է, պետությունը դժվարանում է գումարներ հատկացնել, բայց մյուս կողմից էլ նավը լրիվ կորչում է: Եթե եւս մի քանի տարի այսպես աչքաթող անենք եւ չհետեւենք նրան, մենք կարող ենք այն անվերադարձ կորցնել»,- ընդգծում է «Կիլիկիա»-ի նավապետը:

Հետաքրքիր է, որ այս տարվա մարտին ՀՀ կառավարությունը Զորի Բալայանի «Հայերը եւ ծովը» կազմակերպությանը 96 միլոն դրամ հատկացրեց, իսկ «Կիլիկիա» նավի պահպանման համար գումարներ չեն գտնվում:

Share |
Rambler's Top100