Պատգամավոր Հրանուշ Հակոբյանը չի ուզում, որ իր ընտրողը թյուրիմացության մեջ ընկնի: «Ասում եք, որ ԱԺ-ի պատգամավոր այսինչյանը կատարեց այսինչ բարեգործությունը,- խոսքը լրագրողներին ուղղելով ասում է Հրանուշ Հակոբյանը եւ պարզաբանում,- Աժ-ի պատգամավորի իրավունքների, պարտականությունների եւ իրավասությունների մեջ չկա բարեգործություն անելը, դա մեր պարտականությունը չէ: Մենք ստանում ենք ընդամենը 500 դոլարին համարժեք աշխատավարձ, դա հազիվ հերիքում է մեր սեփական կարիքները հոգալու համար: Հարց. որտեղի՞ց դու կարող ես բարեգործություն անել»:
Ըստ պատգամավորի` այլ խնդիր է, եթե բարեգործությունը լուսաբանելիս լրագրողներն ասեն, թե՝ գործարար այսինչյանը, (թեկուզ եւ պատգամավոր է- խմբ.) կատարեց այսինչ բարեգործությունը: «Դա հասկանալի է, քանի որ մարդը գործարար է, մարդն ունի եկամուտ, ստանում է շահույթ եւ նա այդ շահույթից կարող է բարեգործություն անել: Դրանք տարբեր բաներ են»,- «Ա1+»-ին ասաց մեծամասնական ընտրակարգով Գավառից ընտրված պատգամավորը՝ դժգոհելով, որ սխալ ձեւակերպումների պատճառով հասարակական մթնոլորտը փչանում է ու. «Երբ հանդիպում ես քո ընտրողին, նրան թվում է, թե դու էլ բարեգործություն պետք է անես եւ քո գրպաններից, ձեռքերից, պայուսակից եւս պետք է հորդան այդ ամենը»:
ԱԺ Գիտության, Կրթության, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը համարում է, որ ցանկացած բարեգործություն, որն արվում է պատգամավորի կամ կուսակցության կողմից նախընտրական տարում, դա կաշառք է. «Բարեգործություն չէ, բարեգործությունն այն է, որ անում ես եւ լռում: Բայց որ անում ես հանուն նրա համար, որ վաղը քեզ ձայն տան, դրա մեջ ակնհայտորեն միտում կա, կարծես թե առեւտուր է»:
Ի դեպ, Սահմանադրության 65 հոդվածի համաձայն. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»:

