Հայաստանում հանրակրթության ոլորտի հիմնական խնդիրն է՝ կրթական ծրագրերի բովանդակությունը հասցնել աշակերտներին։ Այսօր Երեւանում «Դպրոց կենտրոնների միության» մեկնարկն ազդարարող կլոր սեղան-քննարկման ավարտին լրագրողներին հայտնեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Դպրոցը այսօրվա դարում չի կարող տալ ամեն ինչ մասին։ Չի կարող հաղորդել բոլոր գիտելիքները մարդկային գործունեության բոլոր ոլորտների մասին։ Այսօրվա դպրոցի խնդիրն է տալ ֆունդամենտալ գիտելիքներ եւ սովորեցնել երեխային սովորել, ապահովել ամբողջ կյանքում գիտելիք ձեռք բերելու ցանկությունը եւ վերջապես, դաստիարակել ազատ քաղաքացի», - նշեց նա։
Ըստ նախարարի, հանրակրթական դպրոցներում դասագրքերը պետք է լինեն պակաս գիտական եւ առավել մանկավարժական։ Այդ նպատակով այս տարի բեռնաթափվել ու փոփոխվել են միջին դպրոցի բազմաթիվ առարկաների ուսումնական ծրագրերը։
«Ակնկալում ենք, որ այս դպրոց-կենտրոնների միությունը հետադարձ կապի սկզբունքով կկարողանա առավել համակարգված եւ մասնագիտացված կարծիք տալ՝ արդյոք նոր ծրագրերը մատչելի են աշակերտների համար», - նշեց նախարարը։
ՀՀ հանրակրթության ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներն իրականացվում են հիմնականում Համաշխարհային բանկի՝ 2009-ին մեկնարկած «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի շրջանակներում հատկացված միջոցների հաշվին։ ։
ԿԳ նախարարը նշեց որ ներկայումս ընթանում է դրա երկրորդ փուլը, որն ավարտվելու է 2014-ին։
«Ուզում են շեշտել, որ ոչ ոք Հայաստանին որեւէ կրթական բարեփոխում չի պարտադրել։ Մենք ինքներս ենք ընտրում լավագույն կրթական փորձի վրա խարսխված` Հայաստանում կիրառելի մոդելները։ Համաշխարհային բանկը մեզ լավություն չի անում. այս գումարները վարկային են, եւ վաղը մյուս օր այս գումարների վերադարձնելու խնդիր ունենք», - նշեց նախարարը։
Նա ավելացրեց, որ ինչպես պետական բյուջեից ոլորտին հատկացվող, այնպես էլ վարկային միջոցները պետք է «ծախսվեն մաքսիմալ արդյունավետ եւ նպատակային, որպեսզի այն, ինչ մենք ստեղծում ենք այսօր, ունենա իր շարունակությունը եւ հօդս չցնդի վարկային միջոցի սպառվելուց հետո»։
Ի դեպ, ՀԲ «Կրթության որակ եւ համապատասխանություն» ծրագրի երկրորդ փուլի համաձայն, հայաստանյան դպրոց-կենտրոնների նյութական ռեսուրսները եւ ձեռք բերված փորձը համակարգելու եւ զարգացնելու նպատակով ԿԳ նախարարության, դպրոցների տնօրենների եւ այլ կառույցների միջեւ քննարկումների արդյունքում 2012-ի օգոստոսի 1-ից պաշտոնսշապես սկսել է գործել «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը։

