Մահացել է Հրաչուհի Ջինանյանը

19:31 | Սեպտեմբեր 19, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 19-ին , կյանքի 91-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց սիրված դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, պրոֆեսոր Հրաչուհի Արտյոմի Ջինանյանը:

Հ. Ջինանյանը ծնվել է 1919 թ. նոյեմբերի 25-ին, Կ. Պոլսում: 1925 թ. ներգաղթել է Խորհրդային Հայաստան: 1936-41թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941թվականից աշխատել է Հայաստանի Հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր: Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002թ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը:

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով: 1977թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1984թ. ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում: 2001թ. պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով: 2003թ. արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը: Հ. Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը, որով հայտնի է դարձել հայ հանրությանը:

Հրաչուհի Ջինանյանի մահվան առթիվ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով` ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի նախագահությամբ:

Այս մասին հայտնում է Մշակույթի նախարարությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100