Բժշկական օգնություն՝ ճանապարհին

14:47 | Օգոստոս 07, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան-Սևան մայրուղու չորս հատվածներում հուլիսի 27-ից հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադների կողմից անցած տասն օրերի ընթացքում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 14 դեպքում։

Մեկական վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա: Երկու դեպքում էլ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողները տեղափոխվել են հիվանդանոց (առաջինը սալջարդով՝ Սևանի հիվանդանոց, երկրորդը՝ գանգուղեղային տրավմայով՝ /անձնական տրանսպորտով/ Աբովյանի հիվանդանոց, այնուհետև ռեանիմոբիլով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։


Այս օրերին Երևան-Սևան մայրուղում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին երեքական ուղևորներ դիմել են հիպերտոնիկ կրիզի կապակցությամբ։ Համապատասխան բժշկական օգնություն է ցուցաբերվել նաև թունավորման, արևահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նևրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի (1 տարեկան 8 ամսական երեխա) մեկական դեպքերում։


Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Երևան-Սևան մայրուղում շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 15-ը:

Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամլո ծառայությունը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100