Այսօր Երեւանում Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Էքսթրեմալ սպորտի փառատոն 2012»-ը։Մաննակիցները մեկնեցին Սեւան։
Այն կազմակերպել են «Հայ Էքսթրիմ» հասարակական կազմակերպությունը, «Այաս» ակումբը՝ ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։
Օգոստոսի 1-10-ը Սևանա լճի Շորժայի ափամերձ տարածքում իրենց կամքը, հավասարակշռությունը, արիությունը եւ թիմային աշխատանքը կցուցադրեն տարբեր երկրների մարզիկներ։
Ըստ կազմակերպիչների՝ հենց այս հատկանիշներն են անհատի մոտ ձեւավորում Էքսթրեմալ սպորտաձևերը, ինչպես նաեւ զարգացնում են ֆիզիկական հնարավորությունները, սովորեցնում արագ կողմնորոշվել և ճիշտ գործել վայրի բնության պայմաններում:
Հատուկ փառատոնի համար ստեղծվել է www.extreme2012.org կայքը,որտեղ կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը։
Ի դեպ, փառատոնի շրջանակներում սպասվում են նաեւ Դայվինգի միջազգային մրցումներ, որոնց մասնակցում են աշխարհի 7 երկրների դայվերներ:
Փառատոնի կայքից տեղեկանում ենք, որ աշխարհում դեռևս տեղի չեն ունեցել սպորտային` հասարակական հիմունքներով «Դայվինգ մրցումներ»:
Բոլոր երկրներում անցկացված մրցումները եղել են կոմերցիոն: Այն երկիրը, որն առաջինը կկազմակերպի ոչ կոմերցիոն, զուտ սպորտային դայվինգի միջազգային առաջնություն, իրավունք կունենա դիմելու օլիմպիակական կոմիտե` դայվինգը, որպես սպորտաձև օլիմպիական կատեգորիաների մեջ մտցնելու հայտով:
Տվյալ երկիրն էլ կձևավորի դայվինգի օլիմպիական խորհրդի նախագահությունը:
«Այս տարի փառատոնի շրջանակներում կազմակերպված մրցության շնորհիվ մենք հնարավորություն կստանանք 2013թ-ին Հայաստանում կազմակերպել «Բարձրլեռնային դայվինգի» առաջին համաշխարհային մրցումները, իսկ թե դա ինչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, դատեք ինքներդ»,- ասում են կազմակերպիչները։

