«Skype»-ը կհամագործակցի իրավապահ մարմինների հետ

12:34 | Հուլիս 28, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Дождь» հեռուստաալիքը, հղում անելով «Microsoft»-ի հավաստիացումներին, նշում է, որ աշխարհի բոլոր ոստիկանների հետ համագործակցությունը պետք է իրականացվի «Skype»-ի մենեջերների մշակված հատուկ փաստաթղթի շրջանակներում:

Տարիներ շարունակ «Skype»-ը եղել է այն փոքրաթիվ ծառայություններից մեկը, որի տեղեկությունները որսալը գործնականում անհնար է եղել: Բայց այս տարվա գարնանը ցանցում ի հայտ են եկել հաղորդագրություններ այն մասին, որ «Microsoft»-ը վերափոխում է «Skype»-ի ճարտարապետությունը, որը հնարավորություն կընձեռի իրավապահ մարմիններին միանալ դրանից օգտվողների խոսակցություններին: Միաժամանակ ընկերությունում հաստատում են, որ խոսքը արտադրանքի սովորական վերամշակման մասին է և հիմքեր չկան կասկածելու, որ ծառայության ղեկավարությունը փորձում է հնարավորություններ ստեղծել պետական գաղտնալսումների համար:
Անցած տարվա մայիսին «Microsoft»-ը պատենտավորել է օրինական միջամտության մի տեխնոլոգիա, որն օգտագործվել է խիստ հազվադեպ և չի առնչվել «Skype»-ին: Այն իրավապահ մարմիններին հնարավորություն է տալիս միանալ օգտվողների զանազան ծառայությունների երկխոսությանը` առանց այդ մասին զգուշացման: Հարցը, թե այս նոր տեխնոլոգիան կկիրառվի՞ «Skype» ծառայությունում, պատասխան չի ստացել:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100