Ծաղկաձորում պարգեւատրվեցին «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողները։
Սերժ Սարգսյանն անձամբ պարգևատրել է մրցույթի եզրափակիչ փուլի հաղթող ընտանիքներին: Սարգսյանի կողքին նստած էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:
Սարգսյանը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում, և այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ:
Սերժ Սարգսյանի խոսքով, մրցումներին մասնակցող ընտանիքների համար սպորտը առողջության պահպանմանը նպաստելուց բացի, նպաստում է նաև ընտանեկան համերաշխությանը: «Չեմ պատկերացնում անհամերաշխ ընտանիք, որ կարողանա մասնակցել այս մրցումներին և առավել ևս՝ հաղթանակ տանել: Իսկ ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարելու մեր կյանքում եղած դժվարությունները, օգնում է ավելի քիչ դժգոհելու և, ընդհանրապես, ավելի լավատես լինելու: Իսկ համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության անհրաժեշտ և բաղկացուցիչ մասն է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, հաղթանակը մեծ է, թե փոքր՝ այն թանկ է, հատկապես, եթե ձեռք է բերվում ազնիվ պայքարում:
Նա հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:
Նախագահի կողմից «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթին մասնակցած 108 ընտանիքի երեխաներ պարգևատրվել են նաև մարզահագուստներով և հուշանվերներով:

