Մի սպանեք բժշկին: Ահազանգում է «Դեղ արտադրողների եւ նորմուծողների միության» նախագահ Սամվել Զաքարյանը` հայտարարելով, որ բժիշկն այսօր պաշտպանված չէ: Նա մասնավորապես անդրադարձավ հունիսի 17-ին «Հասրանաքար» ռեստորանում ռազմական բժիշկների դաժան ծեծին ու Վահե Ավետյանի ողբերգական սպանությանը: «Դեղ արտադրողների եւ նորմուծողների» միությունն այսօր հանդես հատարարությամբ` դատապարտելով բժիշկների նկատմամբ ցանկացած բռնություն. «Սպանելը մարդկային արվեստ չէ, հոշոտում են գազանները` առանց գիտակցության, չունենալով շեֆին հաճոյանալու բնազդային մակարդակի միտում, «քուչում» ինքնահաստատվելու մոլուցք, սեփական դժբախտությունն ու նյարդերը ուրիշի վրա բարդելու կարողություն»։
Պարոն Զաքարյանը վստահեցնում է, որ հիմնականում բռնության են ենթարկվում շտապօգնության բժիշկները, որոնք օրվա բոլոր ժամերին մուտք են գործում ամենատարբեր բնակարաններ: Նրա դիտարկումները ցույց են տվել, որ հատկապես վերջին շրջանում աճել են բժիշկների նկատմամբ անմարդկային արարքների թիվը.
«Մեր միությունը հիմա աշխատում է շտապօգնության աշխատակիցների հետ, որպեսզի ստեղծվի «շտապօգնության աշխատակիցների ասոցիացիա» եւ որոշակի հարցեր առաջ քաշեն իրենց պաշտպանության հետ կապված»,-ասաց Հայաստանի «Դեղ արտադրողների եւ նորմուծողների» միության նախագահ Սամվել Զաքարյանը։

