Հրանտ Վարդանյան. «Կարող է վաղն ինձ էլ ձերբակալեն»

18:33 | Հուլիս 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը «Գրանդ Սան» ընկերության նախկին տնօրեն Ռոբերտ Հարությունյանին մեղադրանք է առաջադրել Քր. օրի 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով` գույքի վատնումի, առանձնապես խոշոր չափի գումարների յուրացման համար: Հուլիսի 6-ին նա կալանավորվել է։

«Ա1+»-ի հետ զրույցում «Գրանդ հոլդինգի» ղեկավար Հրանտ Վարդանյանն ասաց, որ ընկերությունում գողություն է կատարվել:
Խոսքն ընդհանուր առմամբ մոտ 200 մլն դրամի վնասի մասին է: Ինչ վերաբերում է նախկին տնօրենի ձերբակալությանը, ապա Հրանտ Վարդանյանի խոսքերով` ինքն ինտերնետից է իմացել, որ նա ձերբակալված է:

«Կարող է վաղն ինձ էլ ձերբակալեն: Ես ոչ մեկի դեմ բողոք չունեմ, մինչեւ չպարզվի` ով է դա արել,-ասաց Վարդանյանը`հավելելով,-Մեքենաներով մտել են, կռանով գողություն են արել: Գողացել են մետաղներ, տարբեր տեսակի, սեւ, գունավոր մետաղներ: Մենք դիմել ենք իրավապահ մարմիններին, որ օգնեն գտնենք: Նա էլ, ով որ հիմա նստած է, մակագրել է, որ գողություն է եղել: Առանց մեր ընկերության աշխատողների ո՞նց կկատարվեր: Հո վերտալյոտով չիջա՞ն, գողացան, տարան»:

Վերջին շրջանում գործարար Հրանտ Վարդանյանը որոշակի դժգոհություն էր հայտնում Հայաստանում իր բիզնեսի հետ կապված: Այս առթիվ հետաքրքրվեցինք, թե իրավիճակը փոխվե՞լ է:

«Ես ընդհանուր ոչ մի բանի դեմ չեմ դժգոհել: Իմ գործունեության հետ կապված խնդիրները մեր մեջ են: Կկարողանանք, կաշխատենք, չենք կարողանա, ուրեմն չենք աշխատի»,-ի պատասխան ասաց Վարդանյանը:

Ըստ ոստիկանության մամլո ծառայության՝ գործով այլ կալանավորվածներ չկան։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100