Հարգանքի տուրք մատուցեցին Տարկովսկուն

19:14 | Հուլիս 09, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր «Ոսկե Ծիրան» 9-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում հարգանքի տուրք մատուցեցին ռուս հռչակավոր կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հիշատակին: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Անդրեյ Տարկովսկուն նվիրված ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի «Մոսկովյան եղերերգ» և հայազգի ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Անդրեյ» ֆիլմերը:

«Անդրեյ Տարկովսկին հոգևոր անկախության խորհրդանիշն է, մի արվեստագետ, ով ոչ թե ժամանակի մտածողությունն էր արտահայտում, այլ ինքն էր մտածողություն թելադրում ժամանակին: Նրա շնորհիվ մենք աշխարհն ու մեզ տեսնում էինք այնպես, ինչպես երբեք չէինք տեսնի, եթե չլիներ Տարկովսկու հայելին»,- ֆիլմերի ցուցադրությունից առաջ ասաց կինոգետ Դավիթ Մուրադյանը
Ինչպես նշեց կինոգետը՝ Տարկովսկին երբեք չի ենթարկվել իր ժամանակին և այն համակարգին, որի մեջ ապրում էր։

«Նա ենթարկվեց իր խղճի պահանջին: Նրա կինոն տագնապեցնող կինո է, բայց նա ասում էր, որ համոզված է՝ արվեստը նրա համար է, որ մարդը դառնա ավելի լավը, քան կա: Նա փորձում էր դա անել»,- ասաց Դավիթ Մուրադյանը:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100