Առաջիկայում ևս մեկ բացօթյա շուկա կունենանք

14:33 | Հունիս 30, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր ծանոթացել է բացօթյա գյուղատնտեսական մթերքների շուկայի պայմաններին։

Երևանի քաղաքապետարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ երկրորդ տարին անընդմեջ Երևանի Կասյան փողոցի վերին հատվածում շաբաթ և կիրակի օրերին կազմակերպում է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի հետ միասին ծանոթացել է շուկայի պայմաններին և շփվել գյուղմթերք վաճառողների, ինչպես նաև շուկայի այցելուների հետ:
Երևանի քաղաքապետարանի կողմից գյուղմթերք արտադրողներին տարածքները տրամադրվել են անվճար, քաղաքապետարանն ապահովել է նաև տաղավարների, վրանների, կշեռքների ու սայլակների տրամադրումը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր արդեն քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքում գյուղատնտեսական մթերքների տոնավաճառների կազմակերպման վայրերի ավելացման ուղղությամբ.
«Մեր համաքաղաքացիների կողմից պահանջարկ լինելու դեպքում քաղաքապետարանը պատրաստ է տարածքներ հատկացնելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում նմանատիպ շուկաների կազմակերպման համար: Առաջիկայում նմանատիպ ևս մեկ շուկա կունենանք Կենտրոն վարչական շրջանում: Շուկայի տարածքում նաև մշտական հսկողություն է իրականացվելու, որպեսզի տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունն ապահովվի»,-ասել է Տարոն Մարգարյանը։
Նա նշել է, որ այս կերպ գյուղացիներին հնարավորություն է տրվում առանց միջնորդի վաճառելու իրենց արտադրանքը։ Այն նաև հնարավորություն կտա մայրաքաղաքի բնակչությանն առավել մատչելի գներով ձեռք բերել գյուղացիական արտադրության սննդամթերքը:
Շուկայի աշխատանքներին ծանոթանալուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարճատև շրջայց է կատարել շուկայի հարակից պուրակի տարածքում, ծանոթացել քաղաքացիների համար ստեղծված հանգստի պայմաններին ու զրուցելով տարեց բնակիչների հետ համոզվել է, որ կատարված ու շարունակվող բարեկարգման աշխատանքները գոհացնում են նրանց:

Կարճատև շրջայցի շրջանակում նկատելով Երևանի 2750-ամյակին նվիրված ցայտաղբյուրի անմխիթար վիճակը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է այն ներառել ցայտաղբյուրների վերականգնման քաղաքապետարանի տարեկան ծրագրում և կարճ ժամանակում հստակ քայլեր ձեռնարկել ցայտաղբյուրի վերականգնման ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Share |
Արխիվ
Rambler's Top100