Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը կարծում է, որ իր նկատմամբ հաշվեհարդար են տեսել. «Սա ոչ թե կուսակցական, այլ խոսքի առումով հաշվեհարդար է, երբ մարդ իրավունք չունի իր սեփական կարծիքն արտահայտելու։ Խոսքի իրավունքը ոչ միայն լրագրողի, այլ ցանկացած մարդու եւ պաշտոնյայի համար է»։
Պարոն Զոլյանը այսօր շնորհակալություն հայտնեց բոլոր այն կուսակցություններին, որոնք առիթից չօգտվեցին, եւ իր անունը որեւէ կուսակցության հետ չկապեցին: Այն դեպքում, երբ պարոն Զոլյանը համոզված է, որ իշխանություններն ամեն ինչ արեցին` իր հարցը քաղաքականացնելու համար:
Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հեռացրել էր աշխատանքից՝ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ ԵՊԼՀ նոր ռեկտոր է նշանակվել Գայանե Գասպարյանը։ Սուրեն Զոլյանի շահերի պաշտպան Լիանա Գրիգորյանը իրավական առումով նոր ռեկտորի նշանակումը ճիշտ է համարում. «Ժամանակավոր պաշտոնակատարը երկար չէր կարող մնալ։ Սակայն այլ խնդիր է, որ հանձնաժողովի անդամների մի մասը իրավունք չունեին ռեկտոր ընտրելու»։
Սուրեն Զոլյանն առայժմ դատական կարգով բողոքարկում է միայն Արմեն Աշոտյանի հրամանը եւ համոզված է, որ ուշ թե շուտ հասնելու է արդարության եւ կրկին զբաղեցնելու Բրյուսովի անվան լեզավաբանական համալսարանի ռեկտորի պաշտոնը։

