Մահացել է «Հարսնաքարում» ծեծի ենթարկված բժիշկը

20:18 | Հունիս 29, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 17-ին «Հարսնաքար» համալիրում անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ 35-ամյա Վահե Ավետյանն այսօր ժամը 18.15-ի սահմաններում մահացել է՝ 12 օր անգիտակից վիճակում գտնվելուց հետո։

Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկների գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Կալանավորվել է 6 մարդ՝ Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանը, Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը եւ Արթուր Բաբլոյանը:

Share |
Արխիվ
Rambler's Top100