Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը մանուկներին նրանց հասկանալի լեզվով, պատմում է թանգարանում պահվող հնամենի հայկական գորգերի նախշերի, դրանց ստեղծման, օգտագործման մասին:
«Մշակույթը պատվար» ծրագիրը թանգարանը սեփական նախաձեռնությամբ իրականացնում է Սիսիանի թիվ 1 նախակրթարանի հետ` նպատակ ունենալով մատաղ սերնդի մեջ սեր արթնացնել դեպի ազգային մշակույթը։ «Ինձ երջանիկ եմ զգում, որ 5-6 տարեկան երեխաներին կարողանում ենք թանգարան բերել: Գալիս են ոչ պասիվ մասնակցի դերում` երգում են, պարում, արտասանում: Ձեւավորվում է գեղեցիկ մի մթնոլորտ»,- ասում է Ծովինար Պետրոսյանը:
Երեխաների հետ աշխատանքը թանգարանը մտահղացել էր դեռ տարվա սկզբից: Փոքրիկ սիսիանցիների եւ թանգարանի միջեւ կապը սերտացնելը կնպաստի, որ ներկայում հանդիպող խառնիխուռն աշխատանքների մեջ երեխաները տարբերեն մաքրամաքուր հայ ազգայինը: «Մշակույթը պատվար» ծրագրի շրջանակում կիրականացվի 7 դաս-հանդիպում.«Գորգը որպես հեքիաթ», «Գորգը` որպես պատմություն», «Գորգը որպես ապրող բնություն, աշխարհ...», «Գորգը որպես արժեք` ստեղծման պատմությունը» եւ այլն...
Հայկական գորգագործության երբեմնի ավանդույթները մոռացության են մատնվում` մտահոգություն է հայտնում 67-ամյա Գրետա տատը. «Մեր ժամանակ տներում ին գործում, հետո տեսան որ էս գործը առաջ ա քինում մեզ աշխատանքի տեղ տվեցին գնացինք ընդեղ»։
Գրետա Գրիգորյանի հավաստմամբ` սկզբում գորգագործությունը զուտ տնայնագործական բնույթի էր կրում. սեփական կարիքների, երբեմն էլ կոնկրետ պատվերի դեպքում էին գործի դնում գորգագործական պարագաները: Ըստ գորգագործի` գորգերն իրենց մեջ պահում են մեր նախնիների` հազարամյակների խորքից եկող հավատալիքներն ու ավանդույթները:
Գրետա տատը դպրոցական էր, երբ նստեց մոր կողքին ու սովորեց գորգագործության գաղտնիքները: «Մամաս ոչ մենակ խալի, այլ` մեզարներ, կարպետներ... Քշերը քինում էր գործի, վաշ էն թիվը, առավոտը հորը հետին շալվար գործըմ կամ: Այ ըտենց պաներ էր անում էդ կնիկը»,- հիշում է նա:
Գրետա տատը խնամքով պահում է Գորիսի շրջանի Տեղ գյուղից Սիսիանի շրջանի Վաղատին իբրեւ օժիտ բերած բրդից թել պատրաստելու գործիքները` ճախարակ, սանդերք: Ցավով է նշում` գորգ գործելու դազգահը շատ հաճախ պարապ է մնում: Եվ թելերի ներկումն է դժվար, եւ ձեռքով գործած գորգերի պահանջարկն է նվազել, մինդեռ ժամանակին մրցակցություն կար, պահանջարկը մեծ էր:«Ասում ինք այ լավը տուս կա, այ ղրաղը ծուռ չինի, ամեն իչնը իրա տեղն ինի: Բա տրան էլ որակ ունի, իսկ մեր Հայաստանի գորգերը ոչ մեկը ըստեղ չի ծախվալ միշտ քացալ ա էն ղոլերը, սաղ, որակոյալ է իլել»,- հիշում է գորգագործը:
Գրետա տատը հիշում է` 1 ամսում, 1 գորգ էին գործում: Հիմա էլ եթե պահանջարկ լինի, կգործեմ` ասում է: Նրա գորգագործական գործիքները գնելու բազմաթիվ առաջարկություններ են եղել, մերժել է, պատմություն է, թող մնա, ասում է, գուցե մի բարի օր գործի դրվեն:
Արմեն Հովակիմյան
Սիսիան

