Զինվորական բժիշկը կյանքի և մահու կռիվ է տալիս

15:57 | Հունիս 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ՀՀ ՊՆ ԿԿ զինվորական հոսպիտալի «Քիթ, կոկորդ, ականջ» բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

«Ամեն ժամ, ամեն վայրկյան Վահե Ավետյանը մեր ուշադրության կենտրոնում է, մենք չենք հեռանում հիվանդանոցից: Նրա վիճակն այս պահին գնահատում ենք ծայրահեղ ծանր»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Հայկ Անտոնյանը:

«Աստված չանի մահանա, ինչ եք ասում, նման բան չկա»,-վստահեցրեց ընդունարանի բուժքույրը:

«Հարսնաքար»-ի անվտանգության աշխատակիցների կողմից դաժան ծեծի ենթարկված մյուս երկու բժիշկների Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, նրանք նույնպես գտնվում են ռազմական հոսպիտալում:

Հիշեցնենք, ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքի առիթով ոստիկանությունը ձերբակալել է 7 հոգու` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100