«Հարսնաքարում» ծեծվածի կյանքին վտանգ է սպառնում

13:57 | Հունիս 18, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեկ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի կյանքին վտանգ է սպառնում:

Այս մասին « Ա1+»-ին հայտնեց հոսպիտալի բժշկուհիներից մեկը: Նրա խոսքերով` 34-ամյա Վահեի կյանքի համար պայքարում է հոսպիտալի գրեթե ողջ անձնակազմը, գիշերը նրան վիրահատել են, սակայն կյանքին սպառնացող վտանգն առկա է:

Վահե Ավետյանը գլխուղեղային լուրջ տրավմա է ստացել հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: Նրա հետ է եղել նաեւ նրա գործընկեր Արտակ Բայադյանը, ով եւս գլխուղեղային վնսավածք է ստացել եւ ում վիճակը, ինչպես հոսպիտալից փոխանցեցին, կրկին ծանր է, բայց 32-ամյա Արտակի կյանքին վտանգ չի սպառնում:

Վահեի գործընկերները բարկացած են կատարվածից: Շրջանառվող տեղեկություններով, զինվորական բժիշկներին ծեծի է ենթարկել ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորը:

«Ողջ անձնակազմը հավաքված է վերակենդանացման բաժանմունքի մոտ, բոլորը ցասումի մեջ են »,-ասաց մեզ հետ զրուցած բժշկուհին :

ՊՆ-ն առայժմ ձեռնպահ է մնում կատարվածի գնահատականից։ «Քրեական գործ է հարուցված եւ պատասխանները բոլորը կհայտարարվեն,- մեր հարցին ի պատասխան ասաց ՊՆ մամուլի խոսնակ Մուշեղ Աղեկյանը : Հարցին, թե նախարարությունն ի՞նչ է պատրաստվում անել, որ մեղավորները պատժվեն, մամուլի խոսնակը չպատասխանեց. « Քրեական գործ է հարուցված, ավելին ոչինչ չեմ կարող ասել, զանգեք ոստիկանություն»:

«Ա1+ »-ը փորձեց պարզաբանում ստանալ նաեւ «Հարսաքար» ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանից, սակայն նրանից որեւէ մեկնաբանություն ստանալ այդպես էլ չհաջողվեց, աշխատակիցներն ասացին` տնօրենը տեղում չէ:

Նշենք, որ դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքում:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100