Հարբած՝ մեքենայով պանթեոնի աստիճաններն է բարձրացել

19:40 | Հունիս 16, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիսիանում զոհված ազատամարտիկների հարազատները, ԵԿՄ անդամները վրդովված են: Պատճառը Արցախյան պատերազմի զոհերի պանթեոնում երեկ գիշերը ժամը 1:30-ին տեղի ունեցած միջադեպն է։
Ըստ ականատեսների՝ Սիսիանի Նորավան գյուղում տեղակայված զորամասի թիկունքի գծով տեղակալ, մայոր Պարոնյանը յուրօրինակ ձեւով է փորձել հարգանքի տուրք մատուցել զոհված ազտամարտիկների հիշատակին։ Նա հարբած վիճակում, «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայով բարձրացել է աստիճաններով։

Նրան փորձել են կանգնեցնել հարեւանությամբ ապրող մարդիկ:
«Ես իրեն ասում եմ, գիտես էստեղ մարդիկ, անգամ գեներալներ, նախարարներ են այցելում եւ աստիճաները ի տարբերությւոն քեզ ոտքով ու խոնարված գլխով են գնում: Ասաց՝ ես խոնարհվելու իմ ձեւն ունեմ, իմ ձեւն էլ ըսենց ա։ Զնակ չկա, ուրեմն կարամ ավտոյով բարձրանամ, ինձ ոչ մեկ չի կարա կանգնեցնի: Ես պիտի լինեմ առաջինը, ով ավտոյով կբարձրանա էս աստիճաններով»- պատմում է զորամասի հրամանատարի հետ վեճի մեջ մտած երիտասարդը։
ՆԻՎԱ մեքենան պանթեոնի կենտրոնում կայանելուց հետո՝ նա արդեն ոտքով բարձրացել է հարեւանությամբ գտնվող եկեղեցի եւ հնչեցրել եկեղեցու զանգերը:

Հարթելով իրավիճակը` հեռացել է, բայց առավոտյան վերադարձել է: «Էկել ա, գոնե ներողություն խնդրի, ասի դե՝ հարբած եմ եղել, ասում ա, ապեր մենք ոնց որ իրար լավ չենք հասկացել: Ասում եմ՝ տեսնո՞ւմ ես՝ ինչ ես արել, ասում ա՝ լավ էլ արել եմ»,- պատմում է ականատեսը:
Պանթեոն տանող աստիճաներին ավտոմեքենայից հոսած յուղից կարելի է ենթադրել, որ մեքենան վնասվել է:

Այսօր Սիսիանի Արցախյան ազատամարտի պանթոնում հավաքված զոհվածների ընտանիքի անդամները, ԵԿՄ ներկայացուցիչները ցանկանում էին հանդիպել մայորին եւ հարցնել, թե որն է եղել արարքի պատճառը, ինչու է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել ազգի ազատագրության համար նահատակված տղաների շիրիմների նկատմամբ:

Զոհվածների ծնողներից մեկը հեռախոսազրույց ունեցավ առաջին բանակային կորպուսի հրամանատար , գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի հետ;


Գեներալ-մայորը խոստացավ Գորիսից Սիսիան գալ երկուշաբթի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ տեղում պատասխանել բոլոր հարցերին:
Պանթեոնում հավաքվածները հեռացան՝ երկուշաբթի ժամը 14:00 կրկին նույն տեղում հանդիպելու պայմանավորվածությամբ:

 ՈւՂՂՈՒՄ

  Ի  դեպ, նյութի նախնական տարբերակում նշվել էր, որ միջադեպը տեղի է ունեցել հրամանատար Ժիրայր Խոլունցի մասնակցությամբ, ինչպես նշել էին ականատեսները։ Սակայն քիչ անց հերքվեց այդ։ Հայցում ենք պարոն Խոլունցի ներողամտությունը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100