«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը դադարեցրել է աշխատանքները։ Սա «Ազատություն» ռադիոկայանի տեղեկությունն է։
Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ռադիոկայանի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունները։ Նա միայն նշել է, որ գործարանը շարունակելու է աշխատանքը եւ որեւէ աշխատող գործազուրկ չի մնա:
«Քաղաքական ենթատեքստ պետք չէ այստեղ փնտրել», - հավելեց Տոնոյանը։
«Արարատցեմենտ» գործարանը 2003 թվականից պատկանում է Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող «Մուլտի գրուպ» ընկերությանը։ Գործարանում աշխատում է հազարից ավելի մարդ։

