Երեկ երեկոյան երկնակամարում հայտնվածը ռուսական հրթիռ էր։ Վստահ է աստղագետ Արեգ Միքայելյանը։
«Բնական չէր, շատ խիստ կանոնավոր, պարույրաձեւ զանգված էր, պոչը նման էր գիսավորի, սակայն արագությունն արդեն հուշում էր, որ սա տեղական երեւույթ է, տիեզերական չէ»,- այսօր «Ա1+»-ին հայտնեց աստղագետը։
Երեւույթը նկատվել է նաեւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում։ Ըստ մասնագետի՝ դա նույն ռուսական հռթիռն էր, որը գտնվել է ցածր եւ տեսանելի բարձրության վրա։
«Ես կարծում եմ, որ այսպիսի փորձակումը չի կարելի անել խիտ բնակեցված տարածաշրջանում, հիմնականում այդպիսի բաները արվում են օվկիանոսների ափերին, որտեղ մարդիկ չկան, որ խուճապ չառաջանա»,-ասաց նա։
Աստղագետն անլուրջ համարեց այն խոսակցությունները, թե «երկնակամարում հայտնվածը չբացահայտված թռչող օբյեկտ էր, եւ այլմոլորակայինները գալիս էին ռազմատենչ ոգով, որպեսզի հարձակվեն, ստրկացնեն»։

