Գյումրիում փոխգնդապետին փախցրեցին

22:54 | Հունիս 02, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրեցի ժամկետային զինծառայող, երեկ Սարո Արտյոմի Սամվելյանի դին հայրական օջախ բերվեց այսօր, հունիսի 2-ին ժամը 15-ին: Թաղում հարեւաններն ու ազգականներն առավոտից սպասողական վիճակում էին: Գոգոլի փողոցի 58 հասցեում բնակվող Սամվելյանների ընտանիքին հարեւանները հարգանքով են վերաբերվում: Ասում են` «Անփորձանք, համեստ մարդիկ են»,-իսկ Սարոյին, ում փոքրուց գիտեն, ճանաչում են, բնութագրում են որպես խաղաղ բնավորությամբ տղա է, երբեք չեն նկատել, որ որեւէ վիճաբանության ու կռվի մեջ ներքաշված լինի թաղում:

Այժմ Սարոյին նրանք սպիտակ դագաղի մեջ դիմավորեցին. լաց ու սուգ, ուշքի չեկող մայր ու հարազատների ճիչեր, թե նա ում էր վատություն արել, որ հայոց բանակից ծեծած, սպանած վերադարձրին նրան (ըստ հարազատների խոսքերի): Ըստ էության, պարզվեց, որ ազգականներն ու հարեւաններն ավելին գիտեին Սարոյի մահվան մանրամասների մասին, քան հայտնի էր Գյումրու զինկոմիսարիատին:

Դիակն ուղեկցող փոխգնդապետին, ով Հադրութի զորամասից ուղեկցել էր դիակը այստեղ, ու ում Սարոյի հարազատները «Կամբատ»-ով էին դիմում, հարց ուղղեցին, թե ինչու՞ են հաճախացել սպանությունների դեպքերը բանակում, միայն վերջին օրերին Գյումրի սպանված զինվորներ է, որ բերում են ու բերում. «Ախր թուրքի գյուլլից չեն մահացել, յուրայինների ձեռքով են զոհվել ու` ոչ պատերազմական պայմաններում»: Դարձյալ հռետորական հարցի պես հնչեց, թե սպայական կազմը ինչու՞ չի կարողանում կարգ ու կանոն հաստատել ժամկետային զինծառայողների միջեւ ու, թե` եթե ի վիճակի չեն այդ մարդիկ դա անել, ինչու՞ չեն հեռացվում համակարգից, իրենց զբաղեցրած գործերից, թող ուրիշներին զիջեն իրենց պաշտոնները` այնպիսի մարդկանց, ովքեր բանակային գործին իրապես տիրապետում են:

Թե չէ` ըստ Սարոյի հարազատների, ինչպե՞ս պատահեց որ մարտական դիրքեր գնացին մի քանի հոգով, իսկ հետո այնտեղ ծեծեցին անմեղ, «անվնաս էրեխին» ու հետո էլ Նոյեմբերյանից զինակոչված սերժանտը հրազենից վերջնականապես սպանեց նրան: Զոհվածի հորաքույրն հարց տվեց, թե ինչու՞ էին Սարոյին «հների» հետ ուղարկում դիրքեր, հավանաբար, նկատի ուներ հին ծառայողներին. «Մի՞ թե դժվար էր դա կանխելը»: Հորաքույրը նաեւ չարացած էր «Կամբատի» հանդեպ այն պատճառով, որ վերջինս Երեւանում իբր թե պաշտոնապես ասել էր, թե Սարոն ինքնասպանություն է գործել:

«Կամբատը» լուռ լսում էր բոլորին ու ոչ մի կերպ իր անհամաձայնությունը չէր հայտնում: Միայն մարմնեղ մի երիտասարդ, որ ուղեկցում էր փոխգնդապետին եւ քաղաքացիական հագուստ էր կրում, նրա փոխարեն հոխորտաց. «Բանակ է, ամեն ինչ էլ կլինի, կճանապարհեք, կգնան, ու բարով խերով կգան»:

Այդ պահին, ի պատասխան նրա հոխորտանքի, հարազատներից կամ հարեւաններից մեկն ասաց, թե նրա «բարով-խերով» ասածը այս դեպքին է՞լ է վերաբերում: Հետո փոխգնդապետին ասացին, թե թաղում շուտով երկու զինակոչիկի էլ են ճանապարհելու բանակ, հիմա ի՞նչ խորհուդ կտա, ի՞նչ սրտով ճանապարհեն: «Կամբատն» այս դեպքում էլ խորհուրդ չուներ նրանց տալու:

Րոպեներ անց, զոհված զինվորի երիտասարդ ազգականներից մեկը, ով նույնպես այդ թաղից էր, նետվեց փոխգնդապետի ուղղությամբ ու բացականչեց. «Ժողովուրդ, խփե՛ք սրան, սա Սարոյիս սպանողն է»: Բնակիչներից ոմանք, հատկապես երիտասարդները, վազեցին նրա ուղղությամբ, իսկ փոխգնդապետի նույն ուղեկիցը, բավականաչափ հանդուգն պահվածով, այդ աղերսագին ճիչն արձակած երիտասարդի պարանոցից դիմահար բռնած, պահում էր ու մարդկանց կողմը բղավում, թե կանգնեն իրենց տեղերում: Այստեղ էին նաեւ ռազմական ոստիկանության սպաներ, ու քիչ անց, այս ամբողջ խառնաշփոթի ու աղմուկ-աղաղակի մեջ, փոխգնդապետն անհետացավ, փախցրին տարան:

Մնացին հարազատները, ընկերներն ու թաղի ժողովուրդը Սարոյի դիակի հետ: Հարազատների պատմելով, դիակի վրայից ծածկոցը բացելուց հետո տեսել էին, որ սպանված զինվորը ոտաբաց է` առանց կոշիկների: Սարոյի դեմքին, բերանով եւ պարանոցով մեկ վիրակապ էր դրած, դեմքն ամբողջությամբ սեւակապտավուն էր:

asparez.am

 

Share |
Արխիվ
Rambler's Top100