Բնակիչները կո՞ղմ են շուկան քանդելուն

01:27 | Մայիս 28, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երեւանի փակ շուկայի քանդմանն դեմ հանդես եկող մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր երեկոյան հանդիպեցին հարակից շենքերի բնակիչների բուռն դիմադրությանը: Երիտասարդները փորձում էին տեղեկանալ, թե ինչ օրենսդրական հիմքերով են քանդում շուկայի տանիքը:

Բակի բնակիչ մի քանի տղամարդ ընդդիմանում էին` "ձեր ինչ գործն է, մեր բակն է, մենք չենք բողոքում, գնացեք ձեր բակում ձեր հարցերը լուծեք": Երիտասարդները փորձում էին բացատրել, որ շուկան ճարտարապետական հուշարձան է, եւ պահպանվում է պետության կողմից, հետեւաբար` հանրային տարածք է ու ցանկացած քաղաքացի կարող է մտահոգ լինել դրա ճկատագրով:

"Ախպեր, դուք գիտե՞ք, թե էստեղ ինչ վիճակ էր մինչեւ քանդելը, կռիսանոց էր, խոլերայի բուն: Ոչ ոք չէր հետաքրքրվում: Հազիվ մի միամիտ մարդ ա եկել, ուզում ա սեփական միջոցներով մի նորմալ բան անի, չեք թողու՞մ: Թողեք, թող շուտ սարքեն-վերջացնեն, էս փոշուց էլ պրծնենք, էս աղմուկից էլ", - դժգոհում էր Լեոյի 37 շենքի բնակիչ Ռազմիկ Դավթյանը: Բնակիչ ներկայացող մի քանի հոգի աչքի էին ընկնում առանձնակի ագրեսիվությամբ: Նրանք մեկ ծաղրում էին ակտիվիստ երիտասարդների երկար մազերը, մեկ էլ` մեղադրում, թե` "բերնիցդ ալկոհոլի հոտ ա փչում, դու ով ես, որ էս քուչի հարցով զբաղվես":

Ի դեպ, ակտիվիստների ժամանելուց անմիջապես հետո տարածքում աշխատանքներ կատարող բանվորները դադարեցրին աշխատանքը: Նրանցից որեւէ մեկը մեկնաբանություն չտվեց: "Մենք բանվոր մարդ ենք, բրիգադիր էլ չկա, չգիտեմ", - "Ա1+"-ին ասաց նրանցից մեկը:
Շուտով բողոքավոր երիտասարդներին միացան եւս մի քանի տասնյակ ակտիվիստներ: Բնակիչների դժգոհությունն էլ ավելի մեծացավ "Հեսա, կտենան էս աղմուկը, վերեւից էլի մի բան կասեն, խեղճ մարդը շինարարությունը կկանգնեցնի, մենք էլ ամբողջ ամառ կմնանք փոշու մեջ", - շարունակում էին դժգոհել նրանք:

"Միամիտ ու խեղճ մարդը" փակ շուկայի սեփականատեր Թիվ 1 շուկա ՍՊԸ"-ի հիմնական բաժնետեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան սոցիալական ցանցերում ահազանգ ստացվեց, որ հակառակ քաղաքապետարանի եւ մշակույթի նախարարության արգելքի, Երեւանի փակ շուկայի ներկայիս սեփականատեր "Թիվ 1" շուկա ՍՊԸ-ն շարունակում է քանդել շուկայի տանիքի կամարները: Ականատեսների վկայությամբ, առնվազն եւս չորս կամարներ են քանդվել: Շուկան սկսել էին քանդել դեռեւս այս տարվա սկզբին` Նոր տարվա տոնական օրերին: Մարտի սկզբներին քաղաքապետարանը մամուլի ահազանգներին հետեւելով պարզել էր, որ կառույցի սեփականատեր «Թիվ 1 շուկա» ՍՊԸ-ն տարածքում կատարվող «վերանորոգման աշխատանքների շրջանակում» առանց թույլտվության քանդվում են պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շինության տանիքը պահող կամարները, ներսի հարկերը, աստիճանները, չուգունե բազրիքներն ու ձեւավոր ճաղավանդակները։
Քաղաքապետարանը հրահանգել էր դադարեցնել աշխատանքները եւ վերականգնել շենքին հասցված վնասը:
Իսկ Սամվել Ալեքսանյանը մարտի 19-ին "Ա1+"-ի հետ հարցազրույցում վստահեցնում էր, թե տարածքում կատարվում են ընդամենը հողային աշխատանքներ` ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու նպատակով: "Կամարներն էլ, ամեն ինչն էլ վերականգնելու եմ", - հավաստիացնում էր Ալեքսանյանը։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100