Գեներալ-լեյտենանտի հայտարարությունը

12:27 | Մայիս 24, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հայտարարությունը։


«Սիրելի շրջանավարտներ,

Երկրապահ կամավորականների միություն վարչության, Հանրապետության բոլոր երկրապահ ազատամարտիկների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ միջնակարգ դպրոցն ավարտելու կապակցությամբ եւ ցանկանում բարի երթ կյանքի նոր ու ավելի պատասխանատու ասպարեզ: Շնորհավորում եմ ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին եւ բոլոր նրանց, ովքեր հպարտանում են ձեզանով:
Շնորհավորում եմ նաեւ հերոսական Արցախ աշխարհի շրջանավարտներին ու նրանց ծնողներին:

Առանձնահատուկ շնորհավորում եւ գլուխ եմ խոնարհում Արցախի ուսուցիչների առաջ, որոնք թե՜ պատերազմի տարիներին եւ թե՜ այսօր դաստիարակում են այնպիսի սերունդ, որն արժեվորում է թափված արյունն ու համոզված եմ, տեր է կանգնելու հերոս տղաների շնորհիվ ձեռքբերված անկախությանը:

Սիրելի շրջանավարտներ, Երկրապահն ու Հայոց բանակը, ձեր հայրերն ու պապերն ամեն ինչ արել են ու այսուհետ էլ ամեն ինչ կանեն, որ միշտ խաղաղ լինի հայոց երկինքը, որ չվտանգվի ձեր առօրյան ու երջանիկ ապագան:

Հավատացեք ինքներդ ձեր ապագային, ինչպես կհավատաք ձեր մայրերին եւ ուսուցիչներին: Ապագան ձերն է լինելու: Ձեզ բախտ է վիճակվել դպրոցն ավարտել իր անկախության երրորդ տասնամյակը թեւակոխող հայոց երկու Հանրապետությունների համար շատ նշանակալից օրերին` մայիսյան տոներին եւ թող ձեր կյանքի շարունակությունը միշտ տոնական լինի:

Թող ձեր առջեւ բաց լինեն նոր կյանքի հորիզոնները եւ դուք դառնաք ազատ ու անկախ Հայաստանի քաղաքացին ու տերը:
Հաջողություն ձեզ եւ խաղաղություն մեր աշխարհին»:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100