Տավուշում սպանված զինծառայող Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, կառավարություն է եկել իմանալու՝ մտադի՞ր են բացահայտել որդու սպանության անմիջական կատարողներին։ Այժմ ընթանում է դատաքննություն սոսկ ինքնասպանության հասցնելու մասով։
«Ամբողջը քրեական գործում երեւում է՝ բազմաթիվ իրեղեն ապացույցներ Արտակ Նազարյանին սպանելու մասին»,-ասաց նա կառավարության շենքի մոտ։
Ըստ նրա՝ «բանակում սպանությունները եւ պարտակումները կատարվում են հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատվերով»։
Հասմիկ Հովհաննիսյանին Սերժ Սարգսյանը սպանություն բացահայտելու խոստում չի տվել։
Իսկ ահա Նանա Մուրադյանին նման խոստում երկրի ղեկավարը տվել է։ Սերժ Սարգսյանն այս կնոջը դեմքով գիտի։ 2011-ի հունվարի 27-ին նախագահի շենքի ճաղերի ետեւից կինն իր սպանված որդու լուսանկարն է ցույց տվել Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս հանձնարարի զբաղվել որդու սպանության բացահայտմամբ, բայց ոչինչ չի փոխվել։
Ազգային Ժողովի ընտրությունների օրերին Մերգելյանի ինստիտուտի մոտ հանրապետականի նախընտրական քարոզարշավի ժամանակ այս կինը փորձել է իր վրա հրավիրել իր մոտով անցնող Սերժ Սարգսյանի ուշադրությունը
«Ձայն էինք տալիս, որ նախագահ, մեր երկրի նախագահ, խնդրում ենք թեքվեք մեր կողմ։ Իր ականջին շշնջացել էին, որ աջ կողմը չնայեք, ձախ կողմը նայեք»,-պատմեց նա։
Մեր երկրի նախագահը խաբեց մեզ,-ասում է Նանա Մուրադյանը, որին այդ օրը Սերժ Սարգսյանը ժպիտով է խոստացել օգնել։
Արտակ Նազարյանի մայրը վստահեցնում է, որ բանակում սպանությունները շարունակվելու են։ Նա զգուշացնում է որդի ունեցող ծնողներին՝ իմացեք, թե ում եք հանձնում ձեր որդիներին։

