«Քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի»

20:36 | Մայիս 01, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն

Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը
Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են.
- Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության,

- արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում,

- Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով:

Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում:

Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձել ՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, որոնք ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են և պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ և այլն) լեգիտիմության աղբյուրը:

Ելնելով այս ամենից` պահանջում ենք.
Երևանի քաղաքապետարանից`
• անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները,
• կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը որոշումների կայացմանը:
ՀՀ պատկան մարմիններից` գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին:

Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական եւ օրինական պայքարը՝ հանուն մեր սահմանադրական իրավունքների նվաճման եւ կենսագործման, մեր հանրային սեփականության, ազգային հարստության եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանության:


Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն
Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն
Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներ

 

Share |
Արխիվ
Rambler's Top100