Երևանի փողոցների խցանումները պլանավորված են: Համենայնդեպս այս կարծիքին է «Աքիլլես» վարորդների իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Հիմա ամբողջ քաղաքում գնում է նախընտրական ասֆալտապատամանիա: Այս աշխատանքները պետք է գիշերով անեն: Մի կողմից անձրև է գալիս, մյուս կողմից ասֆալտապատում են, ինչ չէինք տեսել, դա էլ տեսանք»,-ասաց նա։
Միաժամանակ պարոն Հովհաննիսյանը չի բացառում, որ խցանումների պատճառը օրեցօր ավելացող մեքենաներն են:
Էդուարդ Հովհաննիսյանը չի կիսում այն տեսակետը, թե խցանման պատճառը Երևանի փողոցներում տեղադրված արագաչափերն ու տեսախցիկներն են, որոնք վարորդներին ստիպում են դանդաղեցնել արագությունը. «Արագաչափերը երբևիցե չեն կարող դառնալ խցանման պատճառ»
Իսկ խցանումներից դժգոհող քաղաքացիներին հատկապես նյարդայնացնում է այն հանգամանքը, որ քաղաքապետարանը ասֆալտապատումը իրականացնում է ոչ թե գիշերը, այլ աշխատանքային ժամերին:
Մենք փորձեցինք քաղաքապետարանից ճշտել, թե ինչու են ասֆալտապատման աշխատանքները կատարվում օրը ցերեկով, սակայն լրատվական վարչության հեռախոսը լռում էր:

