Ցեղասպանությունը անհերքելի փաստ է

13:10 | Ապրիլ 24, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1914 թվականին սկսված Առաջին համաշխարհային պատերազմը Օսմանյան կայսրության երիտթուրքական կառավարությանը հնարավորություն տվեց իրագործել հայերի բնաջնջման պլանը։

Պատերազմի մեկնարկից հետո բանակ զորակոչվեցին 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ։ Նրանց զինաթափեցին և 50-100-հոգանոց խմբերով կոտորեցին։ Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած իշխանությունների հրամանով մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին, այնուհետեւ՝ առանց դատ ու դատաստանի սպանվեցին 800 հայ մտավորականներ։ Ցեղասպանության երրորդ փուլով ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին։ Հայերին ստիպում էին կա՛մ ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին։

Արեւմտյան Հայաստանի եւ Օսմանյան կայսրության այլ հատվածներում ապրող հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ։ Կոտորածները շարունակվեցին մինչեւ 1923 թվականը։ Մեծ Եղեռնին տարբեր տվյալներով զոհ գնաց շուրջ 1,5 միլիոն մարդ, ավելի քան մեկ միլիոնը բռնագաղթեց տարբեր երկրներ։ Ցեղասպանության հետեւանքով Արևմտյան Հայաստանը զրկվեց հազարամյակներով այս տարածքում ապրող բնիկ բնակչությունից, իսկ նրա ստեղծած մշակույթը ոչնչացվում է մինչ օրս։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպիսին են Եվրախորհրդարանը, Եվրոպայի Խորհուրդը, ՄԱԿ-ի պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը։ Պետական իշխանության տարբեր մակարդակներով Ցեղասպանության փաստը ճանաչել են երեսունից ավել պետություններ։ Եվրոպական մի շարք երկրների օրենսդրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ է սահմանված:
Հրեական ծագմամբ լեհ իրավաբան, «գենոցիդ» տերմինի հեղինակ Ռաֆայել Լեմկինը իր ողջ մասնագիտական գործունեության հիմքում դրել էր հայկական ջարդերի ուսումնասիրությունը։ Ռասայական, էթնիկական հողի վրա մարդկանց խմբի սպանությունները նկարագրելու համար նա առաջարկեց գենոցիդ տերմինը՝ որպես այդ երեւույթի ցայտուն օրինակ մեջբերելով 20-րդ դարասկզբի հայերի ջարդը։


Հայոց ցեղասպանությունն այլեւս անհերքելի փաստ է, սակայն պաշտոնական Անկարան ոճրագործությունից մոտ 100 տարի անց դեռ շարունակում է ժխտել այդ իրողությունը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100