Արարատ քաղաքի տարածքը, Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տվյալների համաձայն, աղտոտված է ծանր մետաղներով եւ տոքսիկ խարնուրդներով: Իսկ արարատցիների փորձերը տեղի բժիշկներից պարզելու, թե ինչպիսին է Արարատում պրոֆեսիոնալ հիվանդությունների իրավիճակը, դեռեւս ապարդյուն են, քանի որ այդ ոլորտում հետազոտություն չի կատարվում:
Բնակչության մի մասը շատ լավ գիտակցում է ձեռնարկությունների գործունեության բացասական ազդեցությունն իր առողջության վրա, սակայն անզոր է որեւէ բան փոխելու, քանի որ օրվա հացը վաստակելու համար եւ այլ աշխատատեղ չլինելու պատճառով աշխատում են տվյալ ձեռնարկություններում եւ աշխատանքը կորցնելու վախից լռում խնդիրների մասին: Բնակչության մյուս մասն էլ ընդհանրապես տեղեկացված չէ, թե ինչ օդ է շնչում, ինչ ջուր խմում եւ ինչ մթերք ուտում: Ասվածի վառ օրինակն է Արարատ համայնքի մոտակայքում «ԷկոԼուր»-ի նկարահանող խմբին հանդիպած գյուղացին, ով Կախանովի ջրամբարի մոտ բանջար էր հավաքում: «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե արդյոք բանջարն էկոլոգիապես մաքուր է, նա անընդմեջ հազալով պատասխանեց. «Մաքուր է, ոչ մի վտանգ չկա»:
Ի դեպ, ՀՀ կառավարությունը ապրիլի 19-ին հավանություն է տվել բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգին և միջոցառումների ծրագրին։

