ՀԱԷԿ-ը դեռ չի փակվի

14:31 | Ապրիլ 19, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կառավարությունը որոշել է սկսել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։

Դրա անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման և ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի թողարկման ժամկետների հաշվառման նկատառումով։

ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արտոնագրի ժամկետն ավարտվում է 2016 թ. սեպտեմբերի 1-ին` շահագործման նախագծային ժամկետի ավարտին` 30 տարի։

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է մինչև 2013 թ. մայիսի 5-ը կազմակերպել ծրագրի մշակման աշխատանքը, մինչև 2013 թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, մինչև 2013 թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը։

«Մենք հրապարակային դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին` խնդրանքով, որպեսզի մեզ ցուցաբերեն օժանդակություն, որպեսզի գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգենք, ինչպես նաև նոր ատոմակայանի բլոկի կառուցման խնդրով, և մեկը մյուսին բացարձակապես պետք չէ հակադրել։ Երեկ մեր հանդիպման ժամանակ էլ մենք այս խնդիրը շատ հստակ ձևակերպել ենք, հայտնել մեր կառավարության պաշտոնական տեսակետը, և այն ամբողջությամբ ստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը։ Եվ իրար հակադրելը, ինչ-որ տարբեր, ոչ ստույգ տեղեկություն տրամադրելը, կարծում ենք, տեղին չէ։ Այս որոշումն հենց այս տրամաբանության ներքո է, այստեղ ոչ մի նորամուծություն, ոչ մի գաղտնիք չկա, շատ հրապարակային գործառույթ է»,-ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մեկ այլ որոշմամբ սահմանվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ աշխատակիցներին սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկը։ Որոշման նպատակն է Հայկական ԱԷԿ-ի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներդնել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100