«Մարդն իրավունք չունի միջամտել բնությանը»,- ասում է ագրոէկոլոգ Մերուժան Գալստյանը: Նա հավատացնում է, որ այս տարվա առատ ձյունը, որի մաքրման աշխատանքների համար քաղաքապետարանն օգտագործել է մի քանի տոննա աղ վնասում է թե ծառերին, թե փոքր թփերին:
«Եթե առաջին տարին որոշակի քանակությամբ աղ էր լցվում ծառի բնի կամ թփերի բնային հատվածում, դա կարող է առաջին տարում այդքան լուրջ վտանգ չնեկայացնել, բայց տարիների ընթացքում աղերի կուտակումը ջրային լուծույթում առաջացնում է լուրջ օսմոտիկ ճնշում և բույսն իր արմատային համակարգով չի կարողանում այդ բարձր օսմոտիկ ճնշման պայմաններում անհրաժեշտ սննդատարրեր վերցնել, ինչպես մակրո, այնպես էլ միկրո տարրեր, և այդ պատճառով տարիների ընթացքում առաջացած այդ լուրջ բացասական հետևանքների ազդեցությամբ ծառերը և թփերը ոչնչանում են»,- պարզաբանում է Մերուժան Գալստյանը:
Պարոն Գալստյանի խոսքերով, ծառերին օգտակար է միայն հրաբխային կարմիր և սև խարամները (շլակ) և կոչ անում քաղաքապետարանի բնապահպանական վարչության աշխատակիցներին` օգտագործել միայն այդ նյութերը:
«Նրանք 90-95 տոկոսը պետք է օգտագործեն հրաբխային խարամի այդ տեսակները, նրա հետ չխառնելով աղ: Ճիշտ է, աղը շատ արագ նպաստում է ձյան հալվելուն, բայց դրա հետ միասին նաև վնասում է բույսի արմատային համակարգը»,- նշում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչը։
Մերուժան Գալստյանը հորդորում է բոլորին, որպեսզի ավելի ուշադիր լինեն իրենց շրջապատող միջավայրի նկատմամբ և պահպանեն քաղաքի հատուկենտ ծառերը:
«Կոչ եմ անում մերն բնապահպանության բնադավառի և հատկապես Երևան քաղաքի բնապահպանության կոմունալ կենցաղային վարչության աշխատակիցներին, որ նրանք յուրաքանչյուր աշխատողին բացատրեն, որ այն հատվածներում, որտեղ ծառեր կան, այդ ձյան շերտի հետ կուտակված աղերի և շլակի քանակությունը ծառերի բներին չկուտակեն»,- հորդորում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչը:
Տեղեկացնենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի էլ Մայրաքաղաքի ղեկավարությունը տեղացած առատ ձյունը մաքրելու փոխարեն դիմել է ամենահեշտ միջոցին՝ աղ ու ավազ է շաղ տվել քաղաքում եւ հետո այդ խառնուրդն անխնա կուտակել քաղաքի ծառերի բներին։
Այս տարի, քաղաքպետարանի պաշտոնական տվյալով՝ օգտագործվել է շուրջ 190 տոննա աղ և 440 խմ ավազ։

