Սիսիանի շրջանի Շամբ բնակավայրի բնակիչները բողոքում են` աշխատատեղերը քիչ են:
Շամբ բնակավայրը Սիսիանից հեռու է 18 կմ: Հիմնադրել են հարեւան Դարբաս բնակավայրից անցյալ դարում այստեղ եկած 35 ընտանիքիներ:
1961-ին Որոտան կասկադի շինարարությանը զուգահեռ, Շամբում կառուցվեց բարեկարգ ավան` հիդրոշինարարների համար:
2010-ին մոսկվայաբնակ Արամ եւ Արմեն Ստեփանյան եղբայրները Շամբում ջրերի եւ պահածոների արտադրության գործարաններ կառուցեցին` ապահովելով աշխատատեղեր:
«Էս րոպեին Շամբից 123 երիտասարդներ արտերկրում են: Աստեղ մնացել են միայն ծերերը: Ճանապարհները քարուքանդ, անմխիթար վիճակում են, ակումբ չունենք: Ամենակարեւորը՝ գյուղացին շուկա չունի»,- բողոքում է 62-ամյա Դավիթ Գեւորգանը:
Շուկայի բացակայության պատճառով 52-ամյա մենատնտես Սաշիկ Ստեփանյանի կաղամբը փչանում է: Անասունները ծախել, հողեր է վարձակալել ու 8000 մետրի վրա կաղամբ է ցանել: 3 անչափահաս երեխաների հայրը մինչ այժմ Շամբից դուս գալու մասին չէր մտածում։ Ու քանի որ ամռանը դաշտում աշխատած բանվորին դեռ պարտք է, ուստի մտածում արտագնա աշխատանքի գնալու մասին:
«Մոտ 1 մլն դրամ ծախս եմ արել: Այստեղ իրացման հարցը ծանոթներով է: Ղարաբաղից, Ղափանից ծանոթներ ունեմ, գալիս են տանում են: Ձյունը որ եկավ, չկարողացան գալ, մնաց։ Խխոստացել էին, որ կգային մի 10 տոնա կտանաին»,- ասում է մենատնտեսը:
«Տղաս մի քանի տոննա կաղամբ ունի, չի կարողանում իրացնել»,- մթերման խնդրից դժգոհում է նաեւ 63-ամյա Վայլա Ավետիսյանը:
Շամբում մարդիկ հիմնականում անասնապահությամբ եւ հողագործությամբ են զբաղվում: Չարչարանքն ու ներդրումները շատ են, արդյունքները՝ չնչին:
Եվս մեկ-երկու ամիս, եւ կսկսվի գյուղատնտեսկան եռուն շրջանը: Շամբեցիները բողոքում են` գյուղմթերքն էժան է, դիզվառելիքը, սերմացուն եւ պարարտանյութը` թանկ: «450-500 դրամով սայլկարկա ենք առնում, մեխանիզմի համար թնակ են վճարում մարդիկ»,- դժգոհում է Շամբի բնակիչ Հարություն Սարգսյանը:
110 տնտեսություն ունեցող բանակավայրում գործող վերանորոգված մանկապարտեզ է հաճախում ընդամենը 18 երեխա: Համայնքի ղեկավարի տեղակալ Հենրիկ Գրիգորյանը տեղեկացնում է, որ բուժկետ է գործում, փոխվել է ոռոգման ջրատարը:
Շամբում առկա է բնակարանների խնդիր` հավաստում է, պարոն Գրիգորյանը եւ նշում, որ դա էլ պատճառ է, որ երիտասարդները չամուսնանան:
«Էն, որ պիտի ամուսնանան, ապրելու տեղն ա խնդիր, ո՞ւր գնան: Իրենց ընտանիքում տեղն արդեն զբաղեցրած է, արդեն էն մի եղբայրը ամուսնացել է: Դէ, լինում է, հարսանիքներ էլ են լինում»,- նշում է Հենրիկ Գրիգորյանը:

