Գյումրեցիները միացել են բնապահպաններին

14:25 | Փետրվար 25, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մաշտոցի պողոտայի հարակից պուրակում գտնվող բնապահպաների շարքերը համալրվում են: Այսօր նրանց միացել են գյումերցի մի շարք բնապահպաններ: Նրանից՝ Հայկ Բարսեղյանը կարծում է, որ իրենց քայլն օրինակ կլինի նաեւ մինչ այս պահն այս պայքարին անտարբերի համար:

«Հասկանան, որ մենք 120 կմ կտրել՝ հասել ենք այստեղ, մենք անտարբեր չենք, թող իրենց քաղաքին տեր կանգնեն, մեր քաղաքում էլ լիքը պրոբլեմներ ունենք, բայց եկել ենք»,- ասաց ակտիվիստ Հայկ Բարսեղյանը։

Արդեն 16-րդ օրն է, բնապահպանները պայքարում են Մաշտոցի պուրակում կանաչ տարածքները փրկելու համար: Նրանք դեմ են, որ Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակները տեղադրվեն Մաշտոցի պուրակում։

Քանի դեռ տարածքում շինարակական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են, բնապահպանները հերթափոխով շարունկում են հսկել այգու տարածքը, իսկ օրվա երկրորդ կեսից տարբեր միջոցառումներ են կազմակերպում:

Այսօր բնապահպանները հեծանվարշավ են նախատեսել, բոլոր ցանկանողներին պատարաստ են անվճար հեծանիվ վարել սովորեցնել։ Այս միջոցառումը նաեւ իրենց պայքարի մասին իրազեկելու եւս մեկ հնարավորություն է: Հեծանվորդները շրջելու են քաղաքում։

«Քաղաքով մեկ պետք է տարածեն, որպեսզի միանան պայքարին, որպեսզի մեր ձայնը լսելի լինի այն տեղերում, որտեղ ընդհանրապես մեզ հիմա չեն ուզում լսել»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստ Արտաշես Խուդոյանը։

Բնապահպանները նաեւ ուրախ են, որ առաջիկայում օրերը կտաքանան եւ լավ եղանակն ավելի պասիվ քաղաքացիներին տներից դուրս կբերի, քանի որ այս պայքարն առաջին հերթին հանուն երեխանների է:

«Առանց այդ էլ բակերում չկան մանկական հարթակներ, ճոճանակներ, ճոճանակը միայն այստեղ է»,- իր մտահոգությունը փոխանցեց երկու երեխաների մայր, Երեւանի բնակիչ Աննա Ադամյանը։

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100