Այսուհետ յուրաքանչյուր քաղծառայող կարող է ապահովագրական որեւիցե ընկերության ներկայացնել պետության տրամադրած համապատասխան կտրոնը եւ օգտվել համապատասխան բուժծառայություններից:
Ի դեպ, պետբյուջեով սահմանված սոցիալական փաթեթներով նախատեսված ապահովագրությունը, ըստ ոլորտի մասնագետների, ավելի մատչելի է, քան անհատ քաղաքացիների դեպքում: Վերջիններիս համար, օրինակ, բժշկական ապահովագրությունը կրկնակի արժե:
Վճարելով 52 հազար դրամ, յուրաքանչյուր քաղծառայող տարեկան 3 800 000 դրամի բժշկական ապահովագրություն կունենա:
2012թ. պետբյուջեով 8 մլրդ դրամ է հատկացվել սոցիալական փաթեթներին: Այս փաթեթներով 120 հազար քաղծառայող կարող է օգտվել 4 տիպի ծառայությունից, դրանցից մեկը բժշկական պարտադիր ապահովագրությունն է:
«Եթե ունենք ապահովագրություն, դա չի նշանակում, որ ապահովագրությունը ամեն հնարավոր բժշկական ծախս ծածկում է: Միեւնույն ժամանակ, դա չի նշանակում, որ բժշկական որեւէ ծախս պետք է լինի սուր իրադրություն, որպեսզի ապահովագրական փաթեթը ծածկի»,- այսօր ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Պետության կողմից տրամադրվող սոցիալական այս փաթեթից կարող են օգտվել նաեւ ապահովագրվածի ընտանիքի անդամներից՝ «ամուսինն ու մինչեւ 27 տարեկան չամուսնացած, համտեղ բնակվող երեխան»:
Քանի որ ապահովագրական համակարգը Հայաստանում նոր երեւույթ է, նախարար Գաբրիելյանը չժխտեց, որ հնարավոր են նաեւ «թյուրընկալումներ ու թյուրըմբռնումներ»։
«Կարելի է բազմաթիվ օգուտներ ստանալ, սակայն դրա համար պետք է հստակորեն գիտակցել այն բոլոր կանոնները, որոնցով դրանք տրամադրվում են»,- բացատրել է Ֆինանսների նախարարը:

