Մերոնք պարզել են՝ «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր»

16:47 | Փետրվար 25, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամփոփվեց «Dasaran.am» կրթական ծրագրի ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված Չարլզ Դիքենսի 200-ամյակին նվիրված «Ի՞նչ կգրեր Դիքենսն այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը:

Մրցանակաբաշխությանը տեղի ունեցավ «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում, ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչն, ով հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին:

«Ես ներկայացրել եմ կյանքի վատ կողմերը, որոնք մեր կողքին են, բայց մարդիկ հաճախ դրանք չեն նկատում, քանի որ խրված են առօրյա հոգսերի մեջ: Ու մադկությանը կոչ եմ արել երբեք չնահանջել»,- «Ա1+»-ին ասաց շարադրությունների համադպրոցական մրցույթի հաղթող, թիվ 118 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի Հարությունյանը:

«Ի՞նչ կգրեր Դիքենս այսօր» խորագրով շարադրությունների համադպրոցական մրցույթը մեկնարկել էր 2011թ. դեկտեմբերի սկզբին և նախատեսված էր 7-12-րդ դասարանում սովորող աշակերտների համար, որոնք պետք է ներկայացնեին անգլերեն լեզվով գրված շարադրություններ:

Մրցույթին մասնակցել էին 130 դպրոցների աշակերտներ։

Առաջին մրցանակին արժանացած Արփի Գևորգի Հարությունյանը ստացավ notebook համակարգիչ, երկրորդ տեղը զբաղեցրած Ռուբինա Հովհաննեսի Դավթյանը (105-րդ դպրոց, 12-րդ դաս.)` Kindle Reader ընթերցիչ և երրորդ հորիզոնականում հայտնված Միքայել Երվանդի Հարությունյանը (ԵՊՀ-ին կից ֆիզ.-մաթ. դպրոց, 11-րդ դաս.)` DVD-նվագարկիչ:

Առցանց քվեարկության հաղթող ճանաչվեց Սուսաննա Տիգրանի Ավագյանը (155-րդ դպրոց, 8-րդ դաս.)` կրկին ստանալով Kindle Reader:

Եվս 40 աշակերտներ, որոնց շարադրությունները հայտնվել էին լավագույնների ցուցակում, «Dasaran.am» կրթական ծրագրի գլխավոր աջակից «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կողմից արժանացան խրախուսական մրցանակների:

«Ուրախ եմ, որ շարունակական բնույթ կրող այս մրցույթը կարողացավ ևս մեկ անգամ ոգևորել մեր դպրոցականներին»,-շնորհավորելով հաղթողներին՝ ամփոփեց «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100