Միջազգային գիտական խումբը, որի կազմում է հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը, հայտնաբերել է, որ երկրանման մոլորակների քիմիական կառուցվածքը կարող է խիստ տարբերվել երկրայինից: Այս փաստը կարող է կտրուկ ազդեցություն ունենալ երկրանման մոլորակների վրա կենսոլորտի և կյանքի առկայության և կազմավորման գործում:
Հետազոտական խմբի կազմում են Ջեյդ Կարտեր-Բոնդը և Դեյվիդ Օ'Բրայենը (Մոլորակային հետազոտությունների ինստիտուտ, Արիզոնա, ԱՄՆ), Էլիսա Դելգադո Մենան և Նունու Սանտուշը (Պորտուի համալսարան, Պորտուգալիա), Գարիկ Իսրայելյանը և Ջոնայ Գոնսալես Էրնանդեսը (Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտ): Ամբողջական արդյունքները կհրապարակվեն 2012թ. մարտի 1-ին Astrophysical Journal Letters ամերիկյան հեղինակավոր ամսագրում:
Մոլորակների մայր աստղերի լուսոլորտների բաղադրության ուսումնասիրությունը մի բանալի է, որ թույլ է տալիս հասկանալ, թե ինչպես են ձևավորվում նախամոլորակները, ինչպես նաև թե որ նախամոլորակային ամպերից են առաջանում մոլորակներ և որոնցից` ոչ: Այս ուսումնասիրությունները, որոնք կարևոր հետևանքներ կունենան հսկա մոլորակների էվոլյուցիայի և ձևավորման մոդելների համար, նաև մեզ օգնում են հետազոտել արտարեգակնային մոլորակների ներքին և մթնոլորտային կառուցվածքը և բաղադրությունը:
Հայազգի աստղագետ Գարիկ Իսրայելյանը 1987-ին ավարտել է ԵՊՀ և աշխատել ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում: 1992-ին պաշտպանել է թեկնածուական թեզ: Այնուհետև աշխատակցել է մի շարք երկրների աստղագիտական կենտրոններում և 2000-ից հանդիսանում է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի «Աստղային քիմիական բաղադրություններ» նախագծի ղեկավարը: Նա շվեյցարացի աստղաֆիզիկոս Միշել Մայորի և պորտուգալացի աստղաֆիզիկոս Նունու Սանտուշի հետ միասին հանդիսանում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին` 2010թ., դափնեկիրներից մեկը:
Տեղեկությունը փոխանցել է Հայկական աստղագիտական ընկերությունը։

