«Շունը մարդու բարեկամն է» կարգախոսը կյանքի կոչելու համար բնապահպաններն առաջարկում են «որդեգրել» իրենց խնամքի տակ գտնվող շներից մեկին:
Մաշտոցի պուրակում այսօր բնապահպանների հերթական ակցիան նվիրված էր թափառող շներին: Այգին զարդարված էր շների լուսանկարներով, որոնցից յուրաքանչյուրը մի պատմություն էր՝ արդեն իր տիրոջը գտած կենդանու մասին:
Այգու մի հատվածում էլ բնապահպան-ակտիվիստներն իրենց երաժշտությամբ ջերմացնում էին հավաքվածների սրտերը, երգում ազգային ազատագրական երգեր եւ ոգեւերում ներկաներին: Զուգահեռ նաեւ դրամահավաք էր կազմակերպվել թափառող շների ստերջացման, բուժման եւ խնամքի համար:
Հիշեցնենք, որ արդեն 14 օր շարունակ Մաշտոցի պողատայի հարակից այգում պայքարող բնապահպանների միջոցառումները շարունակական են լինելու՝ մինչեւ Երեւանի քաղաքապետարանը չեղյալ հայտարարի Աբոցվան փողոցից ապամոնտաժված կրպանները պուրակում տեղադրելու որոշումը:
«Այգին լցնում ենք մեզանով, բնակեցնում ենք այգին ու դարձնում ենք ավելի ֆունկցիոնալ»,- «Ա1+»-ին ասաց բնապահպան-ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը:
Երեւանի կանաչ տարածքների ճակատագրով մտահոգ երիտասարդները քաղաքապետարանին առաջակում են «մի կողմ դնել համառությունը եւ անկեղծ խոստովանել՝ մի՞թե իրենց դուր են գալիս կանաչ տարածքում տեղադրված մի քանի անշուք առեւտրի կրպակները»:
Օրինակ՝ փոքրիկ Միքայելն ու Վահանն անկեղծ հայտնեցին իրենց տեսակետը։
«Ինձ էս կրպակը դուր չի գալիս: Եթե Խաղահրապարակ լիներ, երեխաները կուրախանային»,- ասաց 10-ամյա Միքայել Սուչյանը:
Բնապահպանները վստահ են, որ Երեւանի եզակի կանաչ տարածքներից մեկը` Մաշտոցի պուրակը օրերը տաքնալուն պես լցվելու է երեխաններով:
Տեղեկացնենք, որ քաղաքապետարանը ժամանակավորապես դադարեցրել է առեւտրի կրպակների շինարարությունը, սակայն այգու ճակատագիրը դեռ անորոշ է:

