Վ. Մանուկյանը դատի՞ է տալու

20:15 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրային խորհուրդը կարող է դատարանի միջոցով վիճարկել Աբովյան փողոցից ապամոնտաժված եւ Մաշտոցի պուրակում տեղադրվող կրպակների տերերի սեփականության իրավունքը։ Այդ մասին այսօր հարցի շուրջ կայացած քննարկման ժամանակ հայտարարեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Քննարկման ընթացքում Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վերահաստատեց մի քանի օր առաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը՝ համայնքը Մաշտոցի պուրակում կրպակներ է տեղադրում, հարգելով կրպակատերերի սեփականության իրավունքը։

Նա սակայն հաջորդ պահին տեղեկացրեց, որ Աբովյան փողոցի սեփականատերերից ոչ ոք Մաշտոցի այգում տեղադրված կրպակների նկատմամբ որեւէ իրավունք չունի։ «Այդ կրպակները քաղաքապետարանինն են եւ ուղղակի վարձակալության հիմունքներով տրվում են մի քանի տարով»,- նշեց նա։

Հանրային խորհրդի անդամները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Աբովյան փողոցի մայթերին սեփականության իրավունքով տարածքներ տրամադրելու վճիռն օրինական է եղել, որ քաղաքապետը կանաչ տարածքների հաշվին ուզում է պաշտպանել այդ իրավունքը։

«Եթե չասեմ՝ անօրինական, առնվազը ոչ ճիշտ որոշում է եղել եւ արդյունքում մարդիկ ձեռք են բերել սեփականություն եւ բավականին մեծ եկամուտներ։ Եկեք փոխհատուցման մասին խոսելու փոխարեն պարզապես այդ մարդկանց ասենք՝ եղբայր, բավական է, վերցրու կրպակդ ու գնա»,- ասաց Հանրային խորհրդի անդամ, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ իր հերթին ցանկացավ իմանալ. ովքե՞ր են այդ կրպակատերերը, որոնց իրավունքների հանդեպ քաղաքապետարանն այդքան ուշադիր է։

«Գուցե նրանք հայրենիքի առաջ մեծ ծառայություննե՞ր են մատուցել։ Էդ դեպքում, միգուցե մենք ամբողջ ժողովրդով ասենք՝ հալալ ա էդ մարդուն»,- ասաց նա։

Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն այս հարցադրումներին պատասխանեց, որ քանի դեռ չի վիճարկվում կրպակատերերի սեփականության իրավունքը, քաղաքապետարանը ոչինչ չի կարող անել։

Վազգեն Մանուկյանն ի պատասխան համոզմունք հայտնեց, որ «ցանկացած նորմալ դատարան սեփականության իրավունքն այդ մարդկանցից կվերցներ»։

«Եթե քաղաքապետարանը դատի չի տալիս նրանց, ապա մենք մեր իրավաբաններով կդիմենք դատի, եւ կհրավիրենք նաեւ ցուցարար երիտասարդներին»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Ի դեպ, Մաշտոցի այգու կրպակների վերաբերյալ Հանրային խորհրդի քննարկումներն ընթանում էին առանց այգու շահերը պաշտպանող ցուցարարների։ Նրանց շահերը ներկայացնում էր բնապահպան Կարինե Դանիելյանը։

Նա նշեց, որ մարդիկ իրավացիորեն չեն վստահում քաղաքապետարանին հենց միայն այն պատճառով, որ իշխանությունները կեսգիշերին խախտեցին շինարարությունը կասեցնելու՝ իրենց իսկ խոստումը։

Երեւանի գլխավոր Ճարտարապետը ստիպված էր ընդունել այս փաստը։ «Բայց մենք աշխատում ենք ընդառաջել, օրինակ՝ ասացին տաղավարներից ծառերը վնասվում են, մենք 24 ժամվա ընթացքում հանեցինք էդ կրպակները, քանդեցինք պեմզաբլոկից պատերը։ Մեր բացթողումն էր, ընդունում եմ»,- ասաց նա։

Գլխավոր ճարտարապետը ասաց նաեւ, որ անպայման չէ, որ նորակառույց կրպակներում հագուստի խանութներ բացվեն։

«Հնարավոր է, մենք բանակցենք էդ մարդկանց հետ ու, կապված գրատպության 500-ամյակի հետ, էդ ամբողջը լինի գրքերի, ոչ թե հագուստի վաճառքի տեղ», - նշեց նա։

 

Share |
Արխիվ
Rambler's Top100