Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Մաշտոցի պուրակում ակցիա իրականացնող ակտիվիստներին հորդորել է չհեռանալ այգուց:Այս մասին "Ա1+"-ին հայտնեցին Մաշտոցի պուրակում հերթապահող բնապահպանները:
Վարդան Գերավետյանն էլ այսօր որպես անհատ է մասնակցել Հանրային խորհրդում այգու ճակատագրի քննարկմանը: Իսկ ինչո՞ւ քննարկմանը ակտիվիստները ներկա չեն եղել։
«Արդեն իսկ այդ ինստիտուտում կար հարցը ներկայացնող։ Ես տեղյակ եմ, այնտեղ ներկա մարդիկ կան, նաեւ Կարինե Դանիելյանը։ Նրանք կարող են այդ ինստանցիայում բարձրացնել այդ հարցը»,-«Ա1+»-ին ասաց բնապահպան-ակտիվիստ Արթուր Ավթանդիլյանը։
Արդեն 2 օր է, այգում շինարարկան աշխատանքները կասեցված են, սակայն դա բնապահպաններին եւ խնդրով մտահոգ քաղաքացիներին ամենեւին էլ չի հուսադրում:
«Դա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք ակցիան, չպետք է այգի գանք կամ թուլանանք»,- նշեց բնապահպան Մարիամ Սուխուդյանը
Բնապահպաններն այսօր մաքրում էին այգու սառցապատ ճանապարհը։
«Եթե քաղաքապետարանը ոչ մի բան չի անում, մենք՝ որպես այս երկրի քաղաքացի պետք է անենք»,- ասաց ակտիվիստ Սեւակ Կիրակոսյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը որոշել է Մաշտոցի այգում տեղադրել Աբովյան փողոցից ապամոնտաժված առեւտրի կրպակները:

