«Մոլիբդենի աշխարհը» ուզում է փրկել Դաստակե՞րտը

12:23 | Փետրվար 23, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ամենափոքր քաղաքը Դաստակերտն է, կես կատակ կես լուրջ ասում են բնակիչները: Բնակավայրը կառուցվել է 1951-ին, հենց այդ ժամանակ էլ շահագործման է հանձնվել պղնձամոլիբդենային կոմբինատը:

14 տարի աշխատելուց հետո կոմբինատի գործունեությունը դադարեցվել է ոչ շահութաբեր լինելու պատճառով: Այդ տարիներին բնակչության թիվը հասնում էր 3000-ի։ Հիմա քաղաքում ապրում է ընդամենը 338 հոգի, նրանց 50 տոկոսը փախստականներ են, մնացածը Հանրապետություն տարբեր բնակավայրերից են եկել ու բնակություն հաստատել այստեղ: 125 տնտեսություն ունի Դաստակերտը:

Մաթեւոսյանների 8 անդամից բաղկացած ընտանիքում աշխատույժ կա՝ աշխատանք չկա: Ապրում են ընտանիքի հոր 23.000 դրամ թոշակով: «Ըստեղ բոլորն էլ ապրում են նպաստի ու թոշակի հույսով, բոլորն էլ ապրում են պարտքով»,- ասում է տիկին Սեդան:

Պղնձամոլիբդենային հանքերի շահագործմամբ հետաքրքրված է «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն: 2007-ից այստեղ սկսվել են հանքանյութի հայտնաբերման եւ ուսումնասիրման աշխատանքներ, որոնք արդեն ավարտվել են: Գործարանի կառուցումը կսկսվի այս տարվա ապրիլից, շահագործման կհանձնվի 2015-ին։ Խոստանում են ապահովել 1000 աշխատատեղ:

«Աշխատատեղերի առկայության դեպքում Դաստակերտը կվերագտնի իրեն: Համայնքում թիվ 1 խնդիրը բազմաբնակարան շենքների տանիքիների վերանորոգումն է, աշխատում ենք այդ հարցի լուծման ուղղությամբ»,- նշում է Դաստակերտի քաղաքապետ Նաիրի Փիլոսյանը:
Դաստակերտ քաղաքում խնդիրները շատ են` ասում է համայնքի ղեկավարը.«Բնակավայրը գազաֆիկացված չէ, ճանապարհներն անմխիթար են: Բայց եւ զգալի աշխատանքներ են կատարվել»: Համայնքը համախմբելու եւ միասնական դարձնելու նպատակով, ըստ Նաիրի Փիլոսյանի, այստեղ նշվում են հիշատակի եւ տոնական բոլոր օրերը:

«Համայնքը ամբողջովին լուսավորված է: Վերանորոգվել է դպրոցի սպորտդահլիճը: Մանկապարտեզը, որ գործում է օրը 2 ժամ եւ կահավորված է: Մաքրել ենք խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարը»,-- ասում է քաղաքապետը:

Աշխատանք չունենալու պատճառով, շատերն են քաղաքից հեռացել ասում է 52-ամյա Սեդա մայրիկը: Անասնապահությունն այստեղ եկամտաբեր ճյուղ է, սակայն քչերն են դրանով զբաղվում: Վարելահողերը սակավ են:

«Ես ճիշտ եմ ասում. ով գումար ու հնարավորություն ուներ՝ փախավ գնաց: Հետո ասում են՝ հայերը գնում են Ռուսաստան։ Բա ո՞նց չգնան, էսօր ես եթե հնարավորություն ունենայի ես ինքս էլ կգնայի այստեղից: Սա կյանք չի, որ մենք ենք ապրում, քանի՞ մին խնդրես, քանի՞ մին աղաչես: ճիշտ եմ ասում՝ գնամ-գնամ, ո՞ւր գնամ, այստեղ որպես ի՞նչ մնամ, սա կյանք չի՝ գոյատեւել ա»,- նշում է Սեդա Մաթեւոսյանը:

72-ամյա Լուսիկ մայրիկն էլ գնալու տեղ չունի: Բաքվից է մազապուրծ փախելով` բնակություն հաստատել Դաստակերտում: Միակ որդին զոհվել է Արցախյան պատերազմում: Ինքն առողջական խնդիրներ ունի, դեղերն անվճար է ստանում:

«Ինչ որ խանութիցն առեւտուր եմ անում, պարտք եմ անում, թոշակը ստանում եմ տանում եմ տամ եմ, հետե էդ ձեւի»,- ասում է Լուսիկ Ավետովան:

Քաղաքի շենքները 50-ական թվականների կառույցներ են, մեծ մասն ամրացման կարիք ունեն: Դպրոցն ունի 53 աշակերտ, այստեղ սովորելու են գալիս նաեւ հարեւան Նժդեհ եւ Մորենի համայնքներից:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100