Գնացքների շարժը վերականգնվեց

15:04 | Փետրվար 22, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բոլոր միջազգային և տեղական ուղևորատար գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի՝ չնայած վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի տարածքում հաստատված անբարենպաստ եղանակային պայմաններին: Այդ մասին հաղորդեց ՀԿԵ-ի Ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը:

Ինչպես հիշեցնում է Կ.Գրիգորյանը, ուժեղ ձյան և Ջաջուռ-Մայիսյան երկաթուղային հատվածում ստեղծված դժվար պայմանների պատճառով փետրվարի 10-13-ին դադարեցված էր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքների շարժը:

«Սակայն բավականին օպերատիվ կերպով անցկացրած ձնամաքրման աշխատանքներից հետո միջազգային գնացքների շարժը վերականգնվեց: Փետրվարի 14-ից սկսած ոչ մի միջազգային գնացքի կամ տեղական էլեկտրագնացքի մեկնումը չէր հետաձգվել: Բոլոր գնացքները երթևեկում են ըստ չվացուցակի, առանց ուշացումների», - ընդգծեց Կ.Գրիգորյանը:

Տնօրինության ղեկավարի տեղակալի խոսքերով, այն ուղևորներին, ովքեր չէին կարողացել Թբիլիսի հասնել հետաձգված գնացքներով, հնարավորություն տրվեց վերադարձնել տոմսերը՝ վճարված գումարը ստանալով առանց որևէ պահումների: Սակայն ուղևորների մի մասը կարողացել է գնված տոմսերից օգտվել արդեն փետրվարի 14-ին՝ Թբիլիսիի հետ հաղորդակցության վերականգնումից հետո:

Կ.Գրիգորյանը հատուկ նշեց, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն համայնքային իշխանությունների հետ համատեղ կազմկերպեց կառամատույցների ձնամաքրման աշխատանքները: «Ուղևորափոխադրումների տնօրինությունը նամակով էր դիմել համայնքների ղեկավարներին, խնդրելով աջակցել կառամատույցների մաքրման աշխատանքներում: Տեղական իշխանությունների բոլոր ղեկավարները արձագանքեցին և այսպիսով կառամատույցների մի մասը մաքրվեց իրենց, իսկ մյուս մասը՝ երկաթուղու ուժերով», - ասաց Տնօրինության պետի տեղակալը:

Իսկ ինչ վերաբերվում է երկաթուղային գծերի մաքրմանը, ապա այստեղ աշխատում է հատուկ տեխնիկան:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100