Կարդացել են «գրափնջեր» ու մրցանակ ստացել

18:57 | Փետրվար 22, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛» ընթերցանության հանրապետական մրցույթն ավարտվել է։ 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ են մասնակցել հայտարարված մրցույթին, որոնցից 800-ն անցել կիսաեզրափակիչ փուլ իսկ 55-ը հաղթող են ճանաչվել։ Նրանցից 7-ը մայրաքաղաքի դպրոցների աշակերտներ են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցել է՝

«Կազմակերպիչները գոհ են արդյունքներից։ Մրցույթը թեև ընթացել է դպրոցականների թվաքանակի փոքր ընդգրկումով, սակայն մեծ ոգևորությամբ:

Շուրջ տասը ամիս դպրոցականները կարդացել են առաջարկված գրափնջերը, մրցութային օրերին պատմել հանձնաժողովին, վերլուծել անգիր սովորած մեջբերումներով և ասմունքել: 55 հաղթողներից 41-ը խրախուսական, իսկ 14-ը մրցութային և հատուկ մրցանակային տեղեր են զբաղեցրել:

Հաղթողները նվերներ են ստացել կազմակերպիչներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: Կուսակցության կանանց խորհուրդը 41 խրախուսական մրցանակակիրներին գրքեր ու բառարաններ է նվիրել, իսկ տարիքային երկրորդ խմբի հաղթողը Երևանի քաղաքապետարանից որպես պարգև netebook է ստացել:

Ընթերցանության առաջին մրցույթը նվիրված է եղել Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին, իսկ մրցութային ամփոփիչ միջոցառումը՝ Մայրենիի օրվան, որի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը պատվոգրերով ու շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք մշակութային գործիչների, հեռուստահաղորդումների հեղինակների և ուսուցիչների»:

 

 

Share |
Արխիվ
Rambler's Top100