Հաշմանդամը զրկված է ընտրելու իրավունքից

18:27 | Փետրվար 22, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փարոս» հասարակական կազմակերպությունը փետրվարի 24-ին կազմակերպելու է կլոր սեղան ՀՀ քաղաքական կուսակցությունների, ԱԺ պատգամավորների և հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ, հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքին և շահերի պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:

«Փարոս» ՀԿ նախագահ Սուրեն Օհանյանը կներկայացնի ընտրական իրավունքին ուղղված հասարակական կազմակերպությունների նախորդ տարիների փորձը և ոլորտում առկա իրավիճակը: Կքննարկվեն քաղաքական կուսակցությունների մոտեցումները հիմնախնդրին և դրանց լուծմանն ուղղված քայլերը:

«Փարոս» ՀԿ տվյալներով՝ Հայաստանում ապրում է հաշմանդամություն ունեցող 172356 մարդ, նրանցից 164368 ընտրական տարիքի են:

Հասարակական գործընթացներին հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավումը շարունակում է մնալ որպես ճլուծված խնդիր: «Որևէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, ստեղծագործելու և հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են լիարժեք մասնակցություն ունենալ հասարական կյանքին, եթե ստեղծվեն համապատասխան պայմաններ և հավասար հնարավորություններ»,- գրված է «Փարոս» ՀԿ տարածած հաղորդագրության տեքստում:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100