Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանն այսօր ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակների մասին 2011 թվականի զեկույցը:
«Հայաստանում պետական մարմինները շարունակում են ոտնահարել մարդու իրավունքները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Միքայել Դանիելյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքները ոտնահարվում են հատկապես ներպետական կառույցներում՝ Ոստիկանություն, դատախազություն, ինչպես նաեւ արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող գերատեսչություններում բնագավառներում:
«Ա1+»-ի հարցին. Արդյո՞ք առաջիկա խորհրդարանական ընտրություններում կգրանցվեն մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր, իրավապաշտպանը նշեց, որ այս իշխանությունների օրոք որեւէ փոփոխություն չի ակնկալվում եւ ընտրություն չի կայանալու, այլ շարունակվելու է ընտրակաշառք եւ ընտրության արդյունքները կեղծելու միջոցով ընտրական գործընթաց ապահովելու մեխանիզմը. «քանի որ այլ կերպ իրենք չեն կարողանում իշխանություն պահել»:
Իրավապաշտպանին զարմացնում է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի բանտերում ամեն ինչ նորմալ է:
«Իմ կարծիքով, Հրայր Թովմասյանը Հայաստանում չի ապրում ու ընդհանրապես տեղյակ չի, թե ի՞նչ է կատարվում, որովհետև այն օրենքի նախագիծը, որ ինքը ներկայացրել է Ազգային ժողով՝ Արտակարգ դրության վերաբերյալ, խոսում է այն մասին, որ այդ մարդն ընդհանրապես ծանոթ չէ ՀՀ Սահմանադրությանը»,- նկատեց Միքայել Դանիելյանը:
Նա վստահեցնում է, որ Հայաստանի գրեթե բոլոր ներպետական ատյաններում տիրում է կոռուպցիան. «Կոռուպցիայի դեմ պայքարի համար գումար է ստանում այն օղակը, որը կոռուպցիայի մեջ խեղդված է ուղղակի»,- ու հավելեց. «կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետը նշանակվում է Կորյուն Փիլոյանը, որը կոռուպցիայի պապան է Հայաստանում»:
Իրավապաշտպանը հավատացնում է, որ Հայաստանում մարդուն կսկսեն գնահատել այն ժամանակ, երբ քաղաքացին սկսի պայքարել իր իրավունքների համար և հնազանդ ու ստրուկ չլինի:

