Մաշտոցի պողոտային հարակից պուրակում կանաչ տարածքները ոչնչացնելու միջոցով առեւտրի կրպակներ տեղադրելու՝ քաղաքապետարանի որոշման դեմ պայքարող բնապահպան ակտիվիստները «Ա1+»-ին հայտնեցին, որ կիրառում են պայքարի 2 մեթոդ` բարոյական ու իրավական: Նրանք համոզված են` երկու տարբերակն էլ կգործի, եթե զուգահեռ լինի հասարակական ճնշում:
Այսօր պուրակում հարաբերական անդորր է` ժամանակավոր դադարեցվել է կրպակների շինարարությունը, սակայն բնապահպան-ակտիվիստները շարունակում են հերթապահել պուրակում.
«Մենք որոշեցինք չդադարեցնել միջոցառումները, հետո, երբ համապատասխան որոշումը կլինի, դրանից բխող նոր գործողություններ կանենք: Սակայն հասարակական ակտիվությունը դեռեւս պետք է իր բարձունքի վրա մնա»,- ասաց բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:
Այսօր պուրակում ինքնաբուխ մշակութային միջոցառում է։
«Ով ինչ կուզենա, կարող է անի: Նենց չի, որ առավոտը գալիս ենք, ինչ-որ մի սցենար ենք որոշում ու բոլորն այս սցենարով շարժվում ենք: Լրիվ ապակենտրոն գործում ենք, գաղափարական կենտրոնացում եւ կազմակերպչական ապակենտրոնացում: Այսինքն` նպատակը այգու կանաչ տարածքի պահպանում է»,- բացատրեց բնապահպան-ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը:
Պուրակի երկայնքով կապած պարանին ակցիայի մասնակիցները տեղեկատվական թերթոններ ու ցուցապաստառներ են կախել նախաձեռնության մասին պատմող նյութերով, այդ թվում՝ կրպակների տեղադրման ժամանակավոր դադարեցման մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը։
«Քաղաքապետարանը հո թագավոր չէ, որ ինչ ուզենա՝ անի: Նա պետք է սպասարկի քաղաքացիների շահերը»,- նշեց Ապրես Զոհրաբյանը:
Բնապահպանները համոզված են` վաղ թե ուշ կրպակները ապամոնտաժվելու են եւ դուրս են բերվելու պուրակից: Իսկ դրա համար, ըստ Ապրես Զոհրաբյանի, կա Թռչկանի նախադեպը, երբ շինարարական աշխատանքները կանխվեցին։
Անդրադառնալով ակցիային մինալու, հետո այդ գաղափարից հրաժարվելու՝ շոումեն Հրանտ Թոխատյանի պահվածքին, Ապրես Զոհրաբյանը ասաց. «միգուցե պարոն Թոխատյանի կարծիքը տարբերվում է հասարակական ակտիվիստների կարծիքից, դրա համար ինքը չի ուզում իր կարծիքն այստեղ հայտնի, այլ ուզում է քաղաքապետարանո՞ւմ հայտնի իր կարծիքը»:

