Անանուն բարերարը դպրոցին ավտոբուս նվիրեց

14:53 | Փետրվար 22, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Շոշ համայնքի դպրոցը Տորոնտոյաբնակ անանուն բարերարից որպես ամանորյա նվեր ստացել է դպրոցական նոր միկրոավտոբուս:

«Դժվար է պատկերացնել, թե հարեւան գյուղերի շուրջ երկու տասնյակ մանկահասակ երեխաներն ինչպե՞ս են ավելի քան 2.5կմ ճանապարհ անցնում դպրոց հասնելու համար: Ուրախ ենք, որ նրանք այլեւս ստիպված չեն լինի ամեն օր այս դժվարությունը հաղթահարել եւ իրենց ժամանակն առավել արդյունավետ կօգտագործեն»,- հայտարարել է «Հայաստան» Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ գյուղի եռահարկ դպրոցը կառուցվել է 2004թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հայ համայնքի միջոցներով: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում համակարգչային դասասենյակը կունենա նաեւ ինտերնետ կապ: Իսկ մեկ այլ անանուն բարերարի հովանավորությամբ եւ Տորոնտոյի տեղական մարմնի ջանքերով գարնան սկզբին Շոշի սաները դպրոց կհաճախեն գեղեցիկ դպրոցական համազգեստներով:

«Տորոնտոյահայ համայնքի համար չկան մեծ կամ փոքր խնդիրներ: Նրանք կարեւորում են ցանկացած օգնությունը՝ հայրենիքին, եւ մասնավորապես հայ մանուկներին»,- նշել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

«Մանկավարժական ողջ կոլեկտիվի անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր դպրոցին սատարող բոլոր բարերարներին եւ Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանին: Իսկ աշակերտներն էլ իրենց շնորհակալությունը հայտնում են ուսման բարձր առաջադիմությամբ»,- գոհունակությամբ նշել է դպրոցի տնօրեն Համլետ Հարությունյանը:

 

Share |
Արխիվ
Rambler's Top100