Մանկատան նախկին սանի ոդիսականը

15:27 | Փետրվար 22, 2012 | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արման Խաչատուրով եւ  Արթուր Հարությունյան
Արման Խաչատուրով եւ Արթուր Հարությունյան

Սկզբից որբացրեց, հետո որբացավ

 «Ո՞վ սպանեց իմ տղուն, սաղ քո ընկերներն արեցին, որ մեռար, քեզ ասում էի՝ ընկերներիդ հետ գործ չունես»։ Սա մանկատան նախկին սան, 24-ամյա Արթուր Ծառուկյանի մոր ողբն է որդու դագաղի վրա։ Մայրը՝ Ռիմա Ծառուկյանը, Արթուրի դագաղի մոտ էր հայտնվել թաղումից մեկ ժամ առաջ։ «Որ դագաղը դուրս բերին, մտա տուն, տեսնեմ, մերը բռնել է Արթուրի (Հարությունյան-Արթուր Ծառուկյանի ընկերը-Մ. Ա.) դոշից, ասում էր՝ տղիս հետ տուր»։ «Ասեցի՝ հել ու ռադ եղի ստուց»,-հիշում է գավառի մանկատան նախկին սան, 28-ամյա Արման Խաչատուրովը։

Արթուր Ծառուկյանը մահացավ հունվարի 17-ի երեկոյան՝ 24 տարեկան դառնալուց 10 օր առաջ։ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը հիշում է, թե ինչպես Ծառուկյանը քրոջ հետ հայտնվեց մանկատանը։ «Միայնակ մոր երեխաներ էին, լուսավոր երեխաներ էին»,-հիշում է պարոն Նալբանդյանը։ Մայրը ժամանակ առ ժամանակ այցելում էր երեխաներին, սակայն Նիկոլայ Նալբանդյանի հիշողությամբ «միշտ խմած, երբեմն զուգընկերների հետ. ու երեխաներն ամաչում էին իրենից»։ Արթուրը մանկատանն էր 8 տարեկանից։ Մանկատուն է բերվել Կրթության նախարարության 181 ուղեգրով, Էջմիածնի քաղխորհրդի գործկոմի անչափահասների գործերի հանձնաժողովի որոշմամբ։

         Ուզում էր դառնալ զինվորական

 Երեխաների գործերում նշված է. «Ռիմա Օվկիանոսի Ծառուկյանը լքել է իր երեխաներին եւ հեռացել տնից՝ Էջմիածնի Շահումյան փողոցի 73 շենքի 2-րդ բնակարանից»։ Երեխաների մանկատուն հանձվելու պահին մայրը «գտնվում է Ղափանի մաշկավեներական դիսպանսերում»։

 ՀՕՄ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրում Արթուր Ծառուկյանի մոր մասին գրված է. «Վարել է թեթեւաբարո կյանք, երեխաների խնամքով զբաղվել են հարեւանները»։ 16 տարեկանում Արթուրը ընդունվեց «Փոքր Մհեր» կադետա-սեպուհական վարժարանում, այնտեղից էլ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։

 Սակայն ուսումն անավարտ թողնելով իստիտուտից դուրս եկավ մեկ տարի անց։ «Աջ ու ձախ դուխը քցել են. ասել են՝ քեզի քֆուր կանեն, որ դառնաս աֆիցեր. դուխ չեն տվել»,-այսպես է հիշում նրա մանկության ընկերը՝ ներկայումս բանակի սպա, սակրավոր, Գավառի մանկատան նախկին սան Մ.Շ-ն։ 2007-2009 թվականներին Արթուրը ծառայել է հայկական բանակում։

 «Մայր, ես գալիս եմ»

Արթուր Ծառուկյանը բանակից վերադառնալուց հետո բնակվելու տեղ չուներ։ Ապրում էր ընկերների բնակարաններում։ Երբեք չի կտրել կապը Էջմիածնի «Մեր տուն» հ/կ խնամակալական հիմնարկում ապրող քրոջ՝ Անիի հետ։ «Հիմա տանջվելուց Անիի քթի մուխը դուրս է գալիս»,-ասում է «Մեր տան» ղեկավար Տիգրանուհի Կարապետյանը: Էջմիածնում էր ապրում նաեւ Արթուր Ծառուկյանի մայրը։  Բանակից զորացրվելուց անմիջապես հետո տղան փորձել է վերականգնել կապերը մոր հետ։ Մանկատան նախկին սան, 26-ամյա Արթուր Ղասաբյանը, որը ՀՕՄ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում Էջմիածնում բնակարան է ստացել, հիշում է. «Ծառուկը որոշել էր մորն օգնել։ Մերը տունը ժնջիլներով (շղթաներով-Մ. Ա.) էր փակում, էդ ժնջիլները հանեց, կողպեք դրեց, մի բանալին էլ իր մոտ էր պահում։ Ջրի խողովակները փոխեց, բազմոց, տելեվիզր, պաստավկա, անկողին առավ։ Անցած ամառ մերը Ծառուկին իրիկվա կեսին տնից դուրս հանեց։ Եկավ մեր տուն»։ Եւ սկսվեց  Արթուրի թափառական կյանքը։

 200 դրամ հացի փող՝ «Մերսեդեսի» տիրոջից

 Արթուր Ղասաբյանը հիշում է. «Տանը սոված նստած ենք, մի կտոր հաց չկա; Ծառուկը դուրս եկավ, որոշ ժամանակ հետո եկավ, ձեռքին 200 դրամ; Հարցրի որտեղի՞ց։ Ասեց՝ քեռուս տղեն ա տվել։ Ծառուկն ասում է՝ գնացի, ասեցի՝ փող տուր, հաց չունենք, հանեց էս 200 դրամը տվեց»։ Արման Խաչատուրովն ասում է, որ «էդ փողն ինքը ուզել է էն քեռու տղից, որ Մերսեդես E500 ա քշում կամ ըտենց մի բան, մենք «Կլոր ֆառ-Մերսեդես ենք ասում»։

Մանկատան նախկին սան, 24-ամյա Արթուր Հարությունյանը վերջին ամիսներին Ծառուկյանի հետ աշխատել է շինարարությունների վրա եւ միասին են ապրել վարձակալած բնակարաններում։ Հենց նա էլ կարողանում է ներկայացնել «թոքաբորբ» ախտորոշումը «վաստակած» Արթուր Ծառուկյանի հիվանդության պատմությունը։ Աշնանը միասին տուն են վարձել Լենինգրադյան փողոցում։ «4 պատ փտած պատալոկով, ոնց որ կտորից էր հավաքած, ջուրը պատերից չռռում էր»,-հիշում է Արթուրը։ Մեկ ամսվա համար կանխիկ վճարել են 50 հազար դրամ, ապրել են մի քանի օր ու դուրս եկել։ Հաջորդ բնակարանն արդեն «30 հազար դրամանոց» ավերակ էր Շենգավիթում, որտեղ էլ ապրում է մինչեւ մահ, այսինքն, կրկին մի քանի օր։ Երկու բնակարաններում էլ երկուսն ապրում են մրսելով, նույնիսկ ջեռուցելու հնարավորություն չունենալով։

 

            Մահվան օրվա ախտորոշումը՝ թոքաբորբ

 Քրոջ՝ Անիի ծննդյան օրը, փետրվարի 11-ին, Արթուր Ծառուկյանն արդեն ջերմություն ունի։ Նոր տարուց հետո ոչ մի տեղ չի աշխատում, մինչ այդ Շենգավիթում երկու Արթուրները վերանորոգել են մեկի տունը, որը 300 հազար դրամ գումարը չի տվել։ Նույն պատմությունն է Էջմիածնում. 24 եւ 22 տարեկան տղաները որեւէ մեկին չեն կարող դիմել գումարներն ստանալու համար, ապրում են Նոր տարուց առաջ աշխատած գումարներով։ Քույրը՝ Անին, հիշում է, որ Արթուրն իր մոտ եկավ իրիկունը, «չեմ էլ նկատել, որ գույնն էն չի»։ Մահից երեք օր առաջ նրան հյուրընկալած Արթուր Ղասաբյանն ասում է, որ «դողում էր, ասում էր՝ աչքերիս դեմը սեւանում ա»։ Մահվան նախորդ օրը, արդեն ըստ Արթուր Հարությունյանի, «պռոշները սփրթնել էր»։ «Չայ տվի, մի քիչ տաքացավ»,-ասում է մանկության ընկերը։ Արթուր Ծառուկյանը պառկում է, իրիկունն արդեն նրա մանկության ընկերը հասկանում է՝ թեյով օգնել հնարավոր չէ, լուսադեմին զանգում է «Շտապ օգնություն», գալիս են, արձանագրում՝ պետք է պառկի հիվանդանոցում։ «Ծառուկը» հրաժարվում է։ Գրում են դեղեր, որոնք պիտի գնվեն։ Նաեւ առաջարկում են առավոտը ռենգեն ստուգում անցնել։

 Մահվան օրը ՀՕՄ-ի աշխատակցի օգնությամբ գնում է ռենգեն ստուգման։ «Ջահել աղջիկ էր, ստուգեց, ասեց՝ թոքերի ձախ կողմը խզզոցներ կան, կասկածում ենք թոքաբորբ»,-հիշում է Արթուր Հարությունյանը։ Կրկին դեղեր են նշանակում։ ՀՕՄ երեւանյան գրասենյակը բոլոր դեղերը գնում է։ Իր վերջին գումարներն Արթուրը ծախսել էր քրոջ ծնունդը նշելու համար։ Մի դեղ է պակասում միայն՝ «Ամիկսին»։ Հարությունյան եւ Ծառուկյան Արթուրները որոշում են գնալ ՀՕՄ, որտեղ ծրագրի ներկայացուցիչ Նելլի Հովսեփյանը տալիս է պակասող գումարը։ Գնում են մոտակա դեղատուն, Սախարովի հրապարակի մոտ։

 

            Ինֆարկտ. մայրը չէր մոռացել տան բանալին

 Դեղատանը վերջին դեղը գնում են։ Դուրս են գալիս։ Հենց մուտքի մոտ Արթուրն ընկնում է։ «Ուրիշի համար կանչված սկորին եկավ Արթուրին տարավ»,-հիշում է Արթուր Հարությունյանը։ Նույն իրիկունը Արթուրը մահանում է՝ ախտորոշումը՝ սրտամկանի սուր ինֆարկտ։ Արթուրին հետազոտած բժիշկը արդեն տղայի մահից հետո ասում է. «Նա սրտի լուրջ խնդիրներ ուներ, որին երբեք էլ ուշադրություն չի դարձրել»։

Հուղարկավորության բոլոր ծախսերն իր վրա է վերցնում Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը եւ «Մեր տուն» հ/կ-ն։ Դիակը դրվել է Արթուր Ղասաբյանի տանը Էջմիածնում, մոր եւ քեռիների բնակարաններից մի քանի հարյուր մետր հեռու։ Մայրը գիշերն ընկերների հետ մնում է Արթուրի դագաղի մոտ։

Առավոտյան, երբ դագաղը տանում են գերեզմանոց, Ռիմա Ծառուկյանը դիմում է որդու ընկերներից մեկին՝ Արմանին. «Արթուրին (Հարությունյան-Մ. Ա.) կասեք, տանս բանալին տա»։ Բանալին սրտամկանի սուր ինֆարկտի պահին Արթուրի վերնաշապիկի ձախ գրպանում էր՝ սրտի մոտ։ Ի դեպ, երբ փորձեցինք Արթուրի երկու բջջայիների միջից գտնել մոր հեռախոսահամարները՝ տան կամ բջջային, պարզվեց չկա։ «Ի՞նչ պիտի ասի նա»,-արհամարանքով հարցրեց Անին՝ դուստրը։

 Հ. Գ- ՀՕՄ «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի պատասխանատու Աննա Մնացականյանը տեղեկացրեց, որ Արթուրը բնակարան ստացող մանկատան նախկին սաների ծրագրի շահառու էր 2009-ից։ Բնակարան պիտի ստանար առաջիկա մեկ ամսվա ընթացքում։

Մհեր Արշակյան

Share |
Արխիվ
Rambler's Top100