Փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձյան տեղումների դադարից հետո էլ շարունակվել են մաքրման աշխատանքները: Անցած գիշերվա ընթացքում համապատասխան մեքենամեխանիզմներով նախ գլխավոր և երկրորդական փողոցներում մաքրվել և փողոցների որոշակի հատվածներում կուտակվել են տեղացած ձյան առկա շերտերը, իսկ վաղ առավոտից սկսած կազմակերպվել ու շարունակվում է դրանց տեղափոխման աշխատանքները: Բացի այդ, վաղ առավոտից սկսվել և շարունակվում է նաև մայթերի ու բակային տարածքների մաքրման աշխատանքները: Այս աշխատանքներում ներգրավված են մայրաքաղաքի տասներկու վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկություններն` իրենց տեխնիկական և մարդկային ամբողջ ռեսուրսներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերոնշյալ աշխատանքներն իրականացնել ամենօրյա ռեժիմով, մինչև ձյունից ամբողջությամբ մաքրվեն մայթերն ու բակային տարածքները:
Հայտնում է քաղաքապետարանի մամլո ծառայությունը։
Իսկ ՀՀԿ կանանց խորհրդի և Երևանի ավագանու կին անդամները հանդես են եկել երևանցիներին ուղղված հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասվում է.
«Կոչ ենք անում նաև հասարակական օբեկտների սեփականատերերին մաքրել իրենց հարակից տարածքները, այսպիսով զերծ պահելով ինքներս մեզ անհարմարություններից` թեթևացնելով նաև քաղաքապետարանի հոգսը:
Սիրելի տղամարդիկ, եթե անհրաժեշտություն կլինի, մենք պատրաստ ենք օգնել Ձեզ, մասնակցելով այդ գործին: Սա մեր քաղաքն է, և մենք դա անում ենք մեր երեխաների համար»:

