Այս պահին բնապահպանները անժամկետ ակցիա են անում Մաշտոցի պուրակում՝ Մարգարյանի անվ. հիվանդանոցի դիմաց՝ Մաշտոցի, Կողբացու, Արամի և Բյուզանդի փողոցների միջնամասում։
Իսկ մինչ այդ մոտ երեսուն քաղաքացի, պատ կազմած, պահանջում էին դադարեցնել Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների տեղափոխումը Մաշտոցի պողոտայի հարեւանությամբ գտնվող հանրային այգի:
«Մենք շինարարներից պահանջում ենք փաստաթղթեր, ինչի հիման վրա են նրանք այստեղ աշխատում, իսկ նրանք չունեն: Չկա ցուցանակ, մենք սա համարում ենք անօրինական շինարարություն»,- ասաց «Կանաչների կուսակցության» նախագահ Արմենակ Դովլաթյանը։
Ակցիայի մասնակիցներին իրենց աջակցությունն էին եկել հայտնելու «Ժառանգության» եւ ՀՅԴ պատգամավորները.
«Սա կառավարության հաստատած Երեւանի գոտիավորման վերաբերյալ փաստաթղթին դեմ է, օրենքի խախտում է: Այդ հատակագծով այստեղ ամբողջությամբ կանաչ տարածք է եւ իրավունք չունեին սա անել»,-ասաց «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը։
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը մի քանի օր առաջ բաց նամակով դիմել էր Երեւանի քաղաքապետին` չտեղափոխել տաղավարները ու պահպանել այգին, սակայն. «Այսօր նա դառնում է գավառական տաղավարների բացօթյա շուկայի պես անհասկանալի մի կառույց»:
Ակցիայի մասնակիցների եւ շինարարների միջեւ փոքրիկ վիճաբանություն տեղի ունեցավ: Նրանք չէին ցանկանում ենթարկվել բնապահպանների պահանջին ու դադարեցնել շինարարությունը: Սակայն քիչ անց նրանք սկսեցին հավաքել իրենց գործիքներն ու շինտեխնիկան հանել այգուց:

