Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունը, ըստ «Ա1+»-ի աղբյուրի, իր ենթակայության տակ գտնվող կրթական եւ ուսումնադաստիարակչական հաստատությունների (դպրոցներ՝ հանրակրթական, երաժշտական կամ այլ, մանկապարտեզներ) կամավոր-հարկադիր հիմունքներով առաջարկել Է իրենց բանկային հաշիվները տեղափոխել Ռուբեն Հայրապետյանին եւ ոմն Մ. Մխեյանի պատկանող՝ «Զարգացման հայկական բանկ»։
«Ա1+»-ի աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ այսօր բոլոր տնօրեններին հանձնել են քաղաքապետարանի գրավոր «հանձնարարականը», իսկ կրթական հաստատությունների հաշիվները Ռուբեն Հայրապետյանի բանկում կենտրոնացնելու հանգամանքը պայմանավորված է առաջիկա ԱԺ ընտրություններում նրա ծառայությունների դիմաց առաջարկվող գործարքի պայման։
Այսօր մենք տեղեկացանք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը այցելել է Երեւանի բոլոր դպրոցները։
Մեր հարցին, թե. ի՞նչ նպատակ է հետապնդում Կրթության վարչության պետի շրջայցը, Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը պատասխանեց, որ շրջայցը կապված է տեղացող առատ ձյան հետ։ Պարոն Գեւորգյանը հաղորդեց, որ կրթության վարչության պետը շրջում է մայրաքաղաքի դպրոցներում, պարզելու, թե ինչպե՞ս են ջեռուցվում դպրոցները, ի՞նչ խնդիրներ են առաջացել եղանակային պայմանների հետ եւ նվազե՞լ է արդյոք աշակերտների աճախելիությունը թե՞ ոչ։
Մեր գրավոր հարցին՝ ի՞նչ պարզեց կրթության վարչության պետը, շրջայցի արդյունքում, պատասխան չհնչեց։
Մեր գրավոր հարցմանը՝ արդյո՞ք Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն իր ենթակայության տակ գտնվող կրթական եւ ուսումնադաստիարակչական հաստատությունների հաշվեհամարները կենտրոնացրել է մեկ բանկում, եղե՞լ են արդյոք հաշվեհամարների ու վճարման կարգի փոփոխություններ եւ ո՞ր բանկի կամ բանկերի միջոցով են կարգավորվում նշված հաստատությունների հետ ֆինանսական հարաբերությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է՝
«Ի պատասխան Ձեր հարցման՝ քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատությունները հաշվեհամարներ ունեն տարբեր բանկերում՝ հիմնականում հաստատություններին մոտիկ գտնվող («Արարատ», «Հայբիզնես», «Առեկսիմ», «Հայէկոնոմ», «Զարգացման հայկական բանկ», «Յունիբանկ», «Արդշինինվեստ» և այլն)
Կրթական հաստատությունները հաշվեհամարների փոփոխությունը կարող են կատարել իրենց հայեցողությամբ, քանի որ գործարքներ կնքելը տնօրենի կանոնադրական իրավունքն է («Պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրություն», տնօրենի գործառույթները )» ։

