Վրաստանի տրանսպորտի նախարարը շուտով կժամանի Երեւան, Ռուսաստանի հետ Վրաստանը կապող ճանապարհի սահմանային հատվածում հայ-վրացական համատեղ ընկերություն ստեղծելու հարցը քննարկելու նպատակով։
«Հիմա կանոնադրական եւ կազմակերպչական խնդիրների վրա ենք աշխատում։ Վրաստանի մեր գործընկերոջ ժամանումից հետո, վերջնակետը կդրվի եւ ընկերությունը կսկսի աշխատել»,- «Ա1+»-ին ասաց Տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը։
Գործընկերոջ կոնկրետ ժամանման օր նախարարը չնշեց. «Գիտե՞ք, իրենց մոտ էլ կա եղանակային խնդիր, մարդիկ չեն կարողանում իրենց գործը թողնեն՝ գան»։
Նշենք, որ վրաց-ռուսական Վերին Լարս անցակետում հայ-վրացական համատեղ ընկերությունը վճարովի սկզբունքով իրականացնելու է ձյան մաքրման աշխատանքներ։
Անդրադառնալով Վերին Լարսի անցակետում վերջին շրջանում պարբերաբար մեքենաների կուտակման փաստերին, Մանուկ Վարդանյանը հավաստիացրեց, որ միջազգային բեռնափոխադրողները երբեւէ չեն մնացել Լարսի անցակետում։ «Իսկ եթե առանձին- առանձին մարդիկ են մեկնում, դա ուրիշ հարց է, պետք է ընդհամենը հետեւեն երթեւեկությանը, ճանապարհի վիճակին եւ հետո նոր երթեւեկեն»,- ամփոփեց նախարարը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբեր ամսին Հայաստան եկող 80 բեռնատարների վարորդներ 15 օր մնացել էին Լարսի անցակետում՝ առանց սննդի։

